Վաղարշապատում Ժառանգություն կուսակցությունը քարոզարշավը սկսեց Սուրբ Էջմիածնի տարածքից՝ առանց պաստառների ու կարգախոսների։ Գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ տիկին Նազիկը, ևս մասնակցում էր քարոզարշավին, քանի որ նրա դուստրը ավագանու ցուցակում է ընգրկված։Իսկ Մայր Աթոռի տարածքից քարոզարշավի մեկնարկը գիտակցված որոշում է։ «Մայր Աթոռը մեր սուրբ հողի սկիզբն է, այստեղից ենք ուզում սկսել մեր ճանապարհը։ Մեր ընտրությունը պայմանավորված է հոգևոր և բարոյական արժեքներով, ոչ թե քաղաքական հաշվարկներոՎ։Եթե նկատեցիք, մեր ձեռքին ոչ պաստառ կար, ոչ էլ թռուցիկ։ Մենք որոշեցինք մեր քարոզարշավի առաջին օրը սկսել Սուրբ Էջմիածնից՝ որպես հարգանքի նշան մեր զոհված տղաների հիշատակին։ Մեզ համար սա պարզապես քաղաքական գործընթաց չէ, այլ նաև հոգևոր ճանապարհի սկիզբ է», — նշեց Նազիկ Ամիրյանը։ Գեներալ Մանվել Գրիգորյանի տիկինը՝ Նազիկ Ամիրյանը անդրադառնալով մամուլի այն դիտարկմանը, թե այս քայլը նպատակ ունի նաև վերականգնելու գեներալ Մանվել Գրիգորյանի անունը, Նազիկ Ամիրյանը նշեց․ «Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չունի։ Ժամանակն արդեն ինքն իր տեղը դրեց ամեն ինչ։ Նա եղել է և մնացել է հայրենասեր զինվոր՝ իր ամբողջ կյանքը նվիրելով Հայաստանին։ 2018 թվականի սարքված և մոնտաժված կադրերը վաղուց կորցրել են իրենց ազդեցությունը»։ Նրա խոսքով՝ իշխանությունների նախաձեռնած քրեական գործերը իրենց նպատակը չեն արդարացրել․ «Այդ գործերը ստեղծվել են միայն մեզ կաշկանդելու համար։ Իրավապահ համակարգում էլ մարդիկ արդեն ծիծաղով են խոսում դրանց մասին։ Դրանք փուչիկի պես դատարկ գործեր են», — ասաց Ամիրյանը։ Քաղաքական հարցերին անդրադառնալով՝ նա համոզմունք հայտնեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վաղարշապատում հաղթանակ չի ունենա։ «Այս սուրբ քաղաքում մարդիկ չեն քվեարկի ազգակործան ուժի օգտին։ Մեր պայքարը ոչ թե անձերի, այլ գաղափարի դեմ է՝ որպեսզի չշարունակվի ավանդույթների և մեր հոգևոր արժեքների խաթարումը», — ասաց նա։Անդրադառնալով Արգիշտի Մեխակյանի թեկնածությանը՝ Նազիկ Ամիրյանը հիշեցրեց, որ Մեխակ Մեխակյանը եղել է իր զինակից ընկերն ու հերոս հրամանատար։ «Եթե նրա որդին այսօր մերժում է հոր՝ Արցախում կռվելու և զոհվելու փաստը, դա ցավալի է։ Եթե իշխանության ղեկավարը համարում է, որ մեր ազատամարտիկները չեն ունեցել Արցախի համար կռվելու իրավունք, ապա ստացվում է, որ մենք կռվել ենք Ադրբեջանի տարածքում։ Բայց ոչ, դա մեր պատմական հայրենիքն է, մեր հին հայկական հողը», — նշեց նա։Ամիրյանը ընդգծեց, որ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան միավորվել՝ հակակշիռ ստեղծելու համար։ «Երբ խոսքը վերաբերում է երկրի լինել-չլինելուն, պետք է որոշում կայացնես հանուն երկրի։ Այդ պատճառով պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր ուժերի՝ այդ թվում Արթուր Վանեցյանի թիմի հետ», -նշեց նա։Ամփոփելով՝ Ամիրյանը շեշտեց, որ պայքարը շարունակելու են առանց վախի։ «Ես այս իշխանություններից վախենալու ոչինչ չունեմ։ Իրենց սարքած գործերը դատարկ են, իսկ ժողովուրդը՝ արթնացած»,- եզրափակեց նա։