Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրում է․ Արզումանյանի սպանության գործով ձերբակալվածներից Հակոբ Խաչատրյանը ազատ է արձակվել։ Նա սպանության գիշերը գտնվել է վարորդի՝ Արտակ Դիլանյանի կողքին։ Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ։ Նրանցից մեկը ծեծկռտուքի ժամանակ Արզումանյանին վրաերթի ենթարկած Արտակ Դիլանյանն է, ով արդեն կալանավորվել է։ Քրեական հետապնդում է հարուցվել նաև թաղային հեղինակություն «Մասիվցի Մոնչի» կողմնակիցներից մեկի նկատմամբ։
Մեր տեղեկություններով՝ իրավապահներն արդեն մի քանի օր է որոնում են հենց «Մասիվցի Մոնչի»-ին, որը դեպքից հետո լքել է իր մշտական բնակության վայրն ու այս պահի դրությամբ թաքնված է։
Հիշեցնենք, որ չորս օր առաջ, կեսգիշերին, Նոր Նորքի Շոպրոնի փողոցում Մասիվում գործող հակադիր խմբավորումների հերթական բախումը ողբերգական ավարտ էր ունեցել․ սպանվել էր 31-ամյա Բորիս Արզումանյանը։ Այդ գիշեր Մասիվում հայտնի խմբավորումները հավաքվել էին «ռազբոռկայի»՝ նախկինում տեղի ունեցած միջադեպի շուրջ։ Ընդհարման կողմերից մեկը Հակոբ Խաչատրյանն էր, իսկ մյուսը՝ թաղային հեղինակություն «Մասիվցի Մոնչի» շրջապատը։
«Իշխանության» տեղեկություններով՝ դեպքի պահին Խաչատրյանն ու Դիլանյանը ավտոմեքենայով վերադառնում էին հարսանեկան միջոցառումից:
Ըստ տեղեկությունների՝ «Մասվցի Մոնչի» կանչով հավաքվածները մահակներով, քարերով հարձակվել են Դիլանյանի եւ Խաչատրյանի վրա։ Ծեծկռտուքի ընթացքում վերջիններս փորձել են հեռանալ տարածքից և մյուս կողմին վախեցնելու նպատակով սկսել են անկանոն վարել մեքենան, ինչի հետևանքով էլ արձանագրվել է մահվան ելքով վրաերթը։
Ավելի վաղ Newday.am կայքը բացառիկ տեսանյութ էր հրապարակել՝ դեպքի մասին հայտնելով տեղեկություններ․ «Newday.am-ի ձեռքի տակ հայտնվել է բացառիկ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչ միջադեպ է եղել Բորիս Արզումանյանի մահից առաջ։
Կադրում երևում է կայանված մեքենա, որի մեջ երկու անձ է։ Ավելի ուշ ավտոմեքենային մոտենում են մեկ տասնյակից ավելի մարդիկ։ Նրանք մահակներով հարվածում են մեքենային։ Այնուհետև բացում են դուռը, հարվածում վարորդին։
Ավտոմեքենայի մեջ գտնվող երիտասարդները՝ իրավիճակից դուրս գալու համար, դեպքի վայրից դիմում են փախուստի։ Նրանցից մեկը բնակվում է Շոպրոն փողոցում, նույն ավտոմեքենայով շենքի բակ են մտնում, որտեղ նրանց սպասում են մեկ տասնյակից ավելի նույն մարդիկ։
Նշենք, որ Բորիս Արզումանյանը եղել է նշված ավտոմեքենայի մոտ եկած տասնյակից ավել քաղաքացիների հետ։
Ըստ մեզ տրամադրած տեղեկությունների՝ ավտոմեքենային ապակիները ջարդում են քարերով, ձողերով, ինչը և արձանագրվել է իրավապահ մարմինների կողմից։ Ավտոմեքենայի մեջ գտնվող 2 երիտասարդները շենքի բակում հայտնվում են փակուղու մեջ, և ավտոմեքենան հետընթաց վարելով փորձել են կրկին դիմել փախուստի, ինչի հետևանքով, ենթադրաբար տեղի է ունենում վրաերթ։
Newday.am-ի տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ գտնվող երիտասարդներից մեկը 44 օրյա պատերազմի մասնակից է եղել, պատերազմի ընթացքում հայտնվել է շրջափակման մեջ, և լինելով հետախույզ կարողացել է շրջափակումից դուրս հանել ու փրկել բազմաթիվ զինվորների կյանքեր։ Երիտասարդը մեքենան վարողի հետ վերադառնալիս է եղել հարսանիքից, որին հաջորդել են երկու միջադեպերը։




