Արագածոտնի թեմի առաջնորդարանում իրավապահները արդեն 4 ժամ է՝ քննչական գործողություններ են իրականացնում։ Այդ ողջ ընթացքում առաջնորդարանի մուտքերը փակ են:
NEWS.am–ի թղթակիցը այնտեղից հայտնում է, որ այս պահին փրկարար ծառայության մեկ հաշվարկ է եկել ու պատճառը անհասկանալի է։ Փրկարարները մտել են առաջնորդարան։ Նրանք իրենց հետ ունեցել են որոշակի գործիքներ, մասնավորապես, լինգեր։ Ավելի ուշ տեսանյութում երևաց, որ նրանք ներսում հայտնաբերված երկաթյա իր էին փորձում բացել, հավանաբար սեյֆ է։
ՆԳՆ–ից NEWS.am–ին հայտնեցին, որ ստացված հայտի շրջանակում փրկարար ծառայողները աջակցում են քննչական գործողություններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։
Իր հերթին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։ Նաև հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են հոգեւորականները քննչական տարվել։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է: