«Արևմուտքում շատերն են սիրում գովել Նիկոլ Փաշինյանին այսպես կոչված ժողովրդավարության համար, սակայն միևնույն արևմտյան կառույցները հրապարակում են զեկույցներ, որոնք չեն կարող թաքցնել ճշմարտությունը, և այդ զեկույցներից Նիկոլը նեղվում է»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանը հիշեցրել է՝ Փաշինյանն օրերս կառավարությունում հատուկ նիստ է արել՝ Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամներով՝ քննարկելով, թե ինչու է Հայաստանի դիրքերի անկում արձանագրվում։
«Եվ այսպես, այսօր հրապարակվեց հերթական զեկույցը՝ պատրաստված շվեդական հետազոտական, դեմոկրատիայի ուսումնասիրությամբ զբաղվող խոշորագույն կենտրոններից մեկի կողմից։ Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանի դիրքերը կրկին վատթարացել են։ Ակնհայտ է, որ Հայաստանում բռնատիրություն է սկսվել, և դա պայմանավորված է նաև այս արևմտյան զեկույցով։
Արևմուտքի իշխող շրջանակները գովում են Նիկոլին, իսկ Արևմուտքի խելոք և վերլուծական շրջանակները մատնանշում են, որ նա դառնում է բռնապետ՝ ճիշտ այնպես, ինչպես գրված է իմ հիշատակված զեկույցում։
Լիբերալ դեմոկրատիայի ցուցանիշով, օրինակ, Հայաստանի դիրքերը մեկ տարվա ընթացքում վատացել են 10 հորիզոնականով, իսկ մասնակցային, քննարկումային ցուցանիշով՝ թե որքանով են որոշումները մեր երկրում քննարկվում ընդունվելուց առաջ, վատացել են շուրջ 20 հորիզոնականով։
Ի դեպ, Նիկոլի համար ևս մի վատ լուր կա․ մատնանշված է, որ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը սկսվել է ոչ թե իր, այլ նախորդ իշխանությունների օրոք՝ 2010-ին։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի ներսում թեմաները շեղել, Հայաստանի իրական իրավիճակը թաքցնել հնարավոր չէ։
Հայաստանը վաղուց ժողովրդավարություն չէ, Հայաստանը սկսել է բռնապետացվել, և դրա մասին գրված է նաև միջազգային զեկույցում։





