ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում մի քանի կարևոր խնդրի եմ անդրադարձել, ֆեյսբության իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն ու մանրամասնել.
Հարգարժան գործընկերներ,
Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող երկու խորապես մտահոգիչ խնդիրների վրա։
1․ Բաքվում վերջեր հայկ ռազմագերիներն ու Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական ղեկավարությունը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Սրանք դատավարություններ էին, որոնք որևէ առնչություն չունեն միջազգային իրավունքի նվազագույն չափանիշների հետ։
ԵԱՀԿ-ն, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու մանդատ ունեցող միակ կառույցն էր, ոչ միայն չկարողացավ կանխել դեպքերի այսպիսի ընթացքը, այլև գործնականում անտարբեր մնաց այդ դատավարությունների նկատմամբ։ Սա ոչ միայն որևէ առնչություն չունի խաղաղության հետ, այլ քաղաքական կամքի և պատասխանատվության բացակայության ի սպառ բացակայության նշան է։ Նման անգործությունը խարխլում է վստահությունը միջազգային ինստիտուտների նկատմամբ և թուլացնում իրավունքի գերակայության հարգանքը տարածաշրջանում։
Թույլ տվեք այժմ անդրադառնալ Հայաստանի ներսում ժողովրդավարության անկմանը։ Մենք մոտենում ենք 2026 թվականի ընտրություններին այնպիսի պայմաններում, որոնք այլևս չեն համապատասխանում ազատ և արդար ժողովրդավարական մրցակցության նվազագույն չափանիշներին։
Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի։ Դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը։
Շինծու մեղադրանքներով ձերբակալվում կամ և կալանավորվում են ընդդիմադիր առաջնորդներ, պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, այդ թվում՝ բարձրաստիճան հոգևորականներ։ Այս անձինք լիովին համապատասխանում են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձևով սահմանված քաղաքական բանտարկյալների չափանիշներին։
Սրանք տեսանելի և փաստագրված իրողություններ են, որոնք արձանագրել են նաև միջազգային կազմակերպությունները՝ նշելով, որ Հայաստանում արձանագրվել է ընտրական ժողովրդավարության անկում, և 2016 թվականից ի վեր որևէ էական բարելավում չի գրանցվել։
Առավել մտահոգիչ են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները։ Վարչապետն անձամբ է պահանջում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը՝ խաթարելով եկեղեցու և պետության սահմանադրական տարանջատումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցվել է քրեական գործ և կիրառվել է երկրից դուրս գալու արգելք, ինչը Հայաստանի Հանրապետությունում խղճի և կրոնի ազատության կոպիտ խախտում է։ Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը արձանագրի այս զարգացումները և հանդես գա Հայաստանում կրոնական ազատության ու ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության դիրքերից։
Որպես Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ՝ ես հավատում եմ քաղաքական մրցակցությանը և ժողովրդավարական ապագային։
Սակայն ժողովրդավարությունը չի կարող գոյատևել բռնաճնշումներիի պայմաններում։ Հետևաբար կոչ եմ անում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին՝ ուշադիր հետևել զարգացումներին, ճշմարտացիորեն զեկուցել դրանց մասին և պաշտպանել ազատության, բազմակարծության և իրավունքի գերակայության հիմնարար արժեքները։
Հայաստանի ժողովուրդը արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի։ Ձեր սկզբունքային ներգրավվածությունը կենսական նշանակություն ունի այդ ապագան պաշտպանելու համար։




