Երևանի ավագանիում ընդհանուր թվով 33 հոգի է ստացել ընդդիմադիր մանդատ. Արտակ Գալստյանը, երբ կալանավայրում էր, թող մանդատից հրաժարվեր, իրենց ցուցակով մյուսը գար, այդ ժամանակ իրապես կունենայինք 33 հոգի և կկարողանայինք տապալել ՔՊ–ի թալանը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին, ով տարիներ շարունակ ազատազրկված էր։
«Մենք բոլորս գիտենք, որ «Հանրային ձայն» խմբակցությունը Վարդան Ղուկասյանի ռեյտինգի շնորհիվ է ստացել իր քվեն։ Տվյալ երեք անձինք Վարդան Ղուկասյանից տարանջատվել են և ծառայում են ՔՊ-ին։ Ես, իմ ընկեր Գևորգ Ստեփանյանը հայտարարություն արեցինք, ասացինք՝ պետք է ամեն բան անել, որպեսզի տապալվի, որովհետև իշխանությունը ունի 32 ձայն»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ իրենց «Մայր Հայաստան» խմբակցությունից բացակայողներ կային, հետեւաբար չէին կարող տապալել կարմիր գծերի հետ կապված որոշման ընդունումը, Սամվել Հակոբյանն ասաց. «Եթե մեր նպատակը իրապես ՔՊ-ի թալանը տապալելն է, ապա մենք պետք է տեսնենք, թե որ միջոցներ իրատեսական։ Այո, շատ լավ կլիներ 33-ով այստեղ լինեինք, դեմ քվեարկեինք, բայց քանի որ ակնհայտ է, որ 33 հոգի չկա, կա մեկ այլ մեխանիզմ, եթե ընդդիմադիրներից որևէ մեկը չի մասնակցում քվեարկությանը, թեկուզ լինի 32 կողմ, միևնույնը տապալվում է և մյուս տարի կունենայինք անվճար աղբահանություն, անվճար ապօրինի թանկացված պարկինգ և մնացած բոլոր տեղական վճարները։
Մենք այս մարդկանց հետ ի սկզբանե փորձել ենք իրավական քաղաքական մեթոդիկայով շփվել։ Օրենքը ասում է տեղական վճարը, քաղաքային իշխանությունը պետք է սահմանի փոխհատուցման սկզբունքով, այսինքն ինչքան տվյալ ծառայությունը նստում է քաղաքային սուբյեկտի վրա, հենց այդ գումարը էլ պետք է ստանալ։ Մինչև թանկացումը, երբ որ 12000 դրամ էր, արդեն իսկ հավաքվում էր 900 միլիոն դրամից ավել գումար, իսկ մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան, թե ինչքան գումար է անհրաժեշտ կարմիր գծերի ծառայությունը մատուցելու համար, գրել են 450 միլիոն։ Այսինքն առանց որևէ թանկացման արդեն իսկ կրկնակի հավաքվում էր։ Այս մարդիկ զբաղվում են քաղաքական աջպահարությամբ, իրենք իրավունքը, արդարադատությունը անտեսում են, իսկ այս երկու երիտասարդները արդեն պարզ, ստույգ, հրապարակային ասում եմ ծախված են։ Չգիտեմ իրենց վախեցրել են թե փող են տվել, դա իրենց գործն է, իմ համար տարբերություն չկա։
Եթե մարդ որոշում է դառնա ընդիմադիր, ինքը պետք է հասկանա, որ լինելու են բռնաճնշումներ, լինելու են գայթակղիչ առաջարկներ, պետք է այդ ամեն ինչը դու քո մեջ մի հատ տեղավորես, հասկանաս, որ դու գնում ես պայքարելու, լինելու է դժվար և երբեմն տհաճ, և գաս և մինչև վերջ պայքարես։ Իսկ այս մարդիկ ծախվեցին։
Մենք բոլորս զայրացած ենք, որովհետև եթե իրենք այսօր չմասնակցեին քվեարկությանը, մենք հաղթելու էինք»,– ընդգծեց նա։




