Կիրակի օրը Ծաղկազարդի տոնին, ժամը 15–ի սահմաններում, Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո ևս մեկ դեպք է գրանցվել։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա պատմեց հետևյալը. «Միքայել անունով 18 տարեկան մի տղա դուրս է գալիս աղբը թափելու, տեսնում է վարչապետի շարասյունը, մոտենում է և թքում է Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա։ Երբ հարցնում են՝ ինչի ես դա արել, ասում է՝ որովհետև թուրքը ծախել է մեր հողերը։
Միքայելին ձերբակալում են, խուլիգանության կասկածով։ Ես մի քանի ժամ հետո ներգրավվում եմ։ Այս ընթացքում, որ ես նաև մի քիչ պասիվ էի, դրանով էր պայմանավորված, երեխայի մոտ էի այցելում ԶՊՎ։ Այսօր հրավիրում են մեզ Էրեբունի բաժնում, դատախազի որոշումն են ներկայացնում, սա որակում են որպես խուլիգանություն։ Շատ հետաքրքիր բան, ոչ միայն թքելու փաստը, այլ «թուրքը ծախել է մեր հողերը» արտահայտությունն է հիմք ընդունվել։ Դա խուլիգանության էլեմենտ է դիտվում, անպարկեշտ արտահայտություն։
Իհարկե, ես մասնակի համաձայն եմ, «թուրքը ծախել է մեր հողերը» արտահայտության ոչ ճշգրիտ լինելու մասով, որովհետև կյանքում թուրքը իր հողերը չի ծախում։ Սրան թուրք անվանելը ճիշտ չի, անարդար է թուրքերի նկատմամբ։ Այդպիսի կերպար թուրքերի մեջ չես կարող գտնել, այդպիսի դավաճան։
Բայց դատախազը գտնում է, որ դա անպարկեշտ արտահայտություն է»։
Ռուբեն Մելիքյանի խոսքով, Միքայելի ծնողները պարկեշտ մարդիկ են, ինքն էլ գերազանցիկ աշակերտ է։
«Ես էլ իմ երեխեքին դաստիարակում եմ, որ երեխեքը ջան, մի թքեք, չի կարելի։ Մեր երեխեքը Ալեն Սիմոնյանից վատ օրինակ են վերցնում։ Նա բոլոր հարցերում եղել է վատ, այդ թվում նաև այդ հարցում, նա վատ ուսանող է եղել, վատ դերասան, նա շատ լավ է մենակ շողոքորթելուց։
Եթե Ալեն Սիմոնյանի մեղադրական դատավճիռը բերեին դնեին սեղանին, ես կընդունեի, կասեի՝ հա ես էլ եմ այստեղ մեղադրվում, բայց էս ի՞նչ երկիրը։ Այսինքն Ալեն Սիմոնյանը մարդու երեսին թքի, դա հանցագործություն չի, երեխեն, որ իր դիրքորոշումը արտահայտել է այդ ոչ շատ քաղաքավարի ձևով, դա հանցագործությո՞ւն է, այդպես ո՞նց կլինի։ Այդպես ակնհայտ խտրական վերաբերմունք կլինի՞։ 48 ժամ էլ նստեց երեխան։
Նրանց խուլիգանություն չի, սա խուլիգանությո՞ւն է։ Ալեն Սիմոնյանը թքում է մարդու երեսին, այսինքն մարդու երեսը ավելի երկրորդական է քան վարչապետին սպասարկող ավտո՞ն։ Ալեն Սիմոնյանի դատավճիռը լինի սեղանին, հարց չկա, ես էլ կասեմ՝ ես էլ եմ մեղավոր, ես էլ եմ խուլիգան, ինձ էլ տարեք, դատեք։ Բայց եթե էդ մարդու արածը հանցագործություն չէր ըստ քննչական մարմինների, այդ ո՞նց եղավ այս արարքը հանցագործություն է։ Կամ պրոբլեմը նրա մեջ է, որ քննչական մարմինները անկողմնակալ չեն, կամ էլ հարցը այն է, որ դա թույլատրելի արարք է։
Հիմա Միքայելն ունի մեղադրյալի կարգավիճակ Քրեական օրենսգրքի «խուլիգանություն» հոդվածի առաջին մասով, կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը»,–ասաց նա։





