Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով․
Վաղարշապատի ընտրություններին ՔՊ-ի նախընտրական ցուցակի անդամ, Դաշտ բնակավայրի վարչական ղեկավար Սերոժ Գևորգյանի ընտանիքում քրեական պատմությունների պակաս չկա։
«Իշխանություն» լրատվականը պարզեց, որ Սերոժ Գևորգյանի հայրը՝ Հարություն Գեւորգյանը նախկինում դատապարտվել է «բարիգության» համար, իսկ այժմ գտնվում կալանավայրում՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեղադրանքով։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, գտնվում է դատավոր Արմեն Բաբախանյանի վարույթում։
Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը Դաշտ գյուղի Բարեգործների փողոցի 55 հասցեում Գևորգյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դրսևորել է բացահայտ ագրեսիվ վարքագիծ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ և միջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը։
ՔՊ-ական գյուղապետի հայրը տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններ՝ Գոռ Հովսեփյանին և Արմեն Մուրադյանին հայհոյել է, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, ավելին՝ քաշել է և պոկել Հովսեփյանի ուսադիրները, բռունցքով հարվածել նրա գլխին և ձախ աչքի շրջանին, հարվածել է նաեւ ոստիկան Արմեն Մուրադյանի քթին։
Դեպքի վայրում Գևորգյանը նաև բարձրաձայն հայտարարել է. «10 տարի կգնամ կնստեմ, նստելուց չեմ վախենում, 48 կամեռն եմ նստել»։ Նրա արարքները իրավապահների կողմից որակվել են որպես խուլիգանություն և պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու դեպք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ և 452-րդ հոդվածներով։
Նշենք, որ «բարիգության» համար դատապարտված ՔՊ-ականի հայրը 2008 թվականից իր հողամասում մարիխուանա տեսակի թմրամիջոց է աճեցրել և ապօրինի իրացրել, այդ թվում՝ մի քանի անգամ վաճառել Այգեշատի բնակչի։
Փաստացի հանցավոր արարքներ կատարած անձի որդին կրկին ՔՊ-ի նախընտրական ցուցակում է, մինչդեռ իշխանության ներկայացուցիչները կոկորդ են պատռում, թե գողական բարքերի կրողներն իրենց շարքերում տեղ չունեն։




