«Մարդիկ կան, որ մտածում են՝ մեր ազգը քնել է, իսկ իրեն կարող են քնած ժամանակ ուզածներն անել», — Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ, տեսնելով հավաքվածների մեծաթիվ բազմությունը, ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Դիմելով «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին եկած հազարավոր մարդկանց՝ Նարեկ Կարապետյանը շարունակեց խոսքը.
«Ձեզ տեսնելով, այսքան միավորված հայ մարդ տեսնելով՝ ես հասկանում եմ, որ մենք հասնում ենք մեր երազանքին՝ համախմբման երազանքին»։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը նշեց նաև՝ քաջատեղյակ է, թե ինչն է հայ ժողովրդին այսօր ամենից շատ հուզում. այն քայլերը, որոնք այս իշխանությունն արել է՝ թուլացնելով երկիրը։
«Քեզ թուլություն չի՛ սազում, հա՛յ ազգ, չե՛նք համակերպվելու», — ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա նաև հիշեցրեց՝ պատմության ընթացքում, երբ հույսը խամրել է, թվացել է՝ ելք այլևս չկա, հայ ժողովուրդը, միևնույն է, կարողացել է շտկել մեջքը. ասպարեզ են եկել գործիչներ, որոնք կարողացել են ոտքի կանգնեցնել երկիրը։





