«Ինչպես գիտեք, 2018-ից առ այսօր, բազամթիվ դրվագներով Սեյրան Օհանյանը այս է տարել, այն է տարել… Ինչպես տեսնում եք՝ նվագախումբը փոխել է երաժշտությունը, հիմա՝ Ռուզաննա Խաչատրյանն է»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասել է Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը: Հարցին՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ եք համարում, պատասխանել է՝ միանշանակ:
Հիշեցնենք՝ մեղադրական եզրակացության մեջ նշված է․ «Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի և Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաև՝ 2022 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը»։





