ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես ասում է․ «Օրեր առաջ վարչախմբի պարագլուխը հայտարարեց, որ մայիսին կազմակերպելու է զորահանդես։ Զորահանդեսն ինքնին կարևոր նշանակություն ունի, եթե այդ զորահանդեսը կազմակերպում ես քո ժողովրդի և բանակի մարտական ոգին բարձրացնելու համար, եթե այդ զորահանդեսը կազմակերպում ես թշնամուն ուղերձ հղելու, որ ունեմ բանակ, պատրաստվածություն, սպառազինություն և երբեք չհամարձակվեք հարձակվել։ Բայց ակնհայտ է, որ այս ռեժիմը, ով ամեն օր թշնամով վախեցնում է սեփական ժողովրդին, ով մի քանի անգամ բանակին չկրակելու հրահանգ է տվել, այս ռեժիմը այդ զորահանդեսը անում է այլ նպատակով, բացառապես սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ ևս խաբեն, մոլորեցնեն, թե իբր ձեր անվտանգությունն ապահովված է և հետո անեն այն, ինչ արել են մինչև հիմա։
Սրա օրինակները բազմաթիվ են։ Հիշեցնեմ 2019թ․, երբ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանի հետ նստել էր ՍՈՒ-30-ի ղեկին և վստահեցնում էր՝ «ժողովուրդ ջան, մենք ձեռք ենք բերել ժամանակակից սպառազինություն և ձեր անվտանգությունն այլևս ապահովված է»։ Արդյունքում եղավ 44-օրյա պատերազմ, որի ժամանակ այդ ՍՈւ-երն այդպես էլ օդ չբարձրացան, որովհետև պարզվեց՝ հրթիռ չունեն։
Մեկ փաստ ևս․ պատերազմից հետո այս իշխանությունը որևէ զորավարժություն չի կազմակերպել, իսկ ընտրություններից մեկ շաբաթ առաջ այս զորահանդեսն ակնհայտ է ինչ նպատակ ունի, և ես վստահ եմ, որ սրանով չեն կարող կրկին խաբել մեր ժողովրդին, որովհետև այսօրվա ռեժիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեր անվտանգության թշնամին է, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության թշնամին է, և դա նրանք ապացուցել են իրենց կառավարման տարիներով»։





