Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կաջակցի այն թոշակառուներին, որոնք հենաշարժական, առողջական կամ այլ օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում բանկ այցելել՝ նոր քարտ ստանալու կամ կենսաթոշակի համար տարեկան հաստատումը անցնելու նպատակով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք ունենք քաղաքացիներ, որոնք չեն կարողանում տեղաշարժվել տարբեր պատճառներով՝ հիմնականում առողջական: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք այդ քաղաքացիների հարցը լուծելու ենք, իրենք անհանգստանալու խնդիր չունեն: Մենք արդեն փորձնական 10 նման քաղաքացու վարժություն ենք արել և «Հայփոստի» միջոցով քարտը և PIN-ն ուղարկել ենք տուն»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ մնացած բոլոր քաղաքացիների դեպքում ևս քարտերը կկառաքվեն բնակության վայր։
«Որևէ խնդիր չի առաջանա, որևէ մեկը չի զրկվելու իր կենսաթոշակը կամ նպաստը ստանալու իրավունքից: Մինչև ապրիլի 1-ն այդ հարցը լուծած կլինենք»,– հավելել է Թորոսյանը։
Նախարարի պնդմամբ՝ քարտերը կառաքվեն, իսկ մյուս ծառայությունների հետ կապված հարցերը կկարգավորվեն նորարարական լուծումներով։




