Տավուշի մարզում այս պահին սահմանազատման մասով կոնկրետ ոչ մի աշխատանք չկա, ոչ մի գործընթաց չկա։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
«Իհարկե փոխվարչապետերի մակարդակով կարող է այդ քննարկումը լինի, բայց կոնկրետ Տավուշի մարզում գործընթաց չկա դրա հետ կապված»,–ասաց նա՝ հավելելով, որ մինչև սահմանազատման գործընթաց չլինի, չի կարող պարզ լինել, թե որտեղով է անցնում սահմանը. «Այն 12.7 կմ հատվածը, որը սահմանազատվել է, այդ ժամանակ է պարզվել, թե որտեղ են դրվում այդ կետերը։ Մինչև սահմանազատում չլինի, չենք կարող ասել»,–ասաց մարզպետը։
Ինչ վերաբերում է Հայաստանի հնչող հայտարարություններին, թե կան տարածքներ, որոնք Ադրբեջանին են պատկանում, բայց Հայաստանի վերավերահսկողության տակ են, նա ասաց. «Դա լրիվ պարզ երևում է, այդտեղ մեծ գաղտնիք չկա, դուք լավ գիտեք, որ Ոսկեպարի հատվածում, Բերքաբերի հատվածում նման տարածքներ ունենք»։
Հարցին՝ Կիրացի պատը կառուցելուց հետո, գյուղի դպրոցում քանի՞ աշակերտ է սովորում, մարզպետը պատասխանեց. «Այս պահին 37 աշակերտ է սովորում դպրոցում և հինգ երեխա նախակրթարան է հաճախում։ Ընդհանրապես գյուղից արտագաղթ չի եղել։ Այս պահին կոնկրետ Կիրանց գյուղում պետական ծրագրով, 16 միլիոնանոց ծրագրով 53 տուն է կառուցվում»։
 
								



