ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Սրիայում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ:
«Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։
Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։ Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է։
Հաջորդիվ, ՀՀ քաղաքացիների հետ կապը կպահպանվի Բեյրութում ՀՀ դեսպանությունից` հետևյալ թեժ գծի միջոցով +9617447205 (բջջային)»,- ասվում է հաղորդագրությունում:
Դեկտեմբերի 8-ի առավոտյան Reuters-ը, իր աղբյուրները վկայակոչելով, գրել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նստել է ինքնաթիռ և Դամասկոսից օդ է բարձրացել անհայտ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան ահաբեկչական խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կառավարական ուժերը լքել են քաղաքի կենտրոնը։ Զինված խմբավորումները նոյեմբերի վերջին սկսել են լայնածավալ հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյի դրությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համա, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։
Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, ինչպես նաև նախագահական պալատի համալիր:
Չնայած ահաբեկիչների առաջնորդ Աբու Մուհամմադ ալ Ջոլանին կարգադրել էր հասարակական և կառավարական գույքի վրա չհարձակվել, սակայն որոշները մտել են Դամասկոսում նախագահ Բաշար ալ Ասադի տուն և թալանել այն, հայտնում է Tasnim գործակալությունը: