Սիրելի՛ հայրենակիցներ, մանկուց լսելով տատերիս ու պապերիս պատմություններն Արևմտյան Հսյաստանի մասին՝ սրտումս ունեի մեծ փափագ՝ նվաճել, մեծացնել հզորացնել հայրենիքս ու ազգս։ Շատ անգամներ խնդրել եմ Աստծուց իմաստություն՝ իմաստությամբ վարվելու, լուծումներ գտնելու հայրենիքիս, ազգիս փրկության, հզորության և հարատևության համար, գիշերուզօր խնդրելով, աղերսելով Աստծուն՝ ունենալ բանալին ավետյաց երկիրս վերականգնելու։
Հաճախ ճախրել եմ պատմության խորքերը, համեմատության մեջ դնելով ներկայիս հետ, որպեսզի գտնեմ ապագայի լուծումն ու սերունդներին թողնեմ մի քանի դար անհոգ ապրելու և հայ մնալու մշակույթ, գիտություն, հավատ, եկեղեցի ունենալու ժառանգություն։
Մենք աշխարհին տվել ենք քաղաքակրթություն, բայց այսօր համարվում ենք հետամնաց երկրներից մեկը։ Տվել ենք մշակույթ, գիտություն, գրեթե բոլոր ոլորտներում եղել ենք առաջադեմ, բայց այսօր մուրում ենք մուրացկանի պես։ Մեզանից գողանում են՝ մենք ուրախանում ենք։ Մենք վաճառում ենք մեր հարստությունը, հոգևոր արժեքները՝ կորստյան կերակրի համար։
Եթե չես պայքարում մշակույթիդ, եկեղեցուդ և հավատիդ ու հոգևոր արժեքներիդ համար, դու դատապարտված ես հոգևոր մահվան, դու պայքար ես մղում մարմնիդ բարեկեցության համար, չգիտակցելով, որ մի օր որդերի համար ախորժելի կերակուր ես լինելու։
Մարմինը մեռած է առանց հոգու։ Աստված սովորեցրել է մեզ հոգին և մարմինը միավորելու գաղտնիքը, այդ դեպքում մենք կունենանք երազանքների ավետյաց երկիր։ Մարմնի բարեկեցության համար պայքարը ունայնություն է․ ձեր տերերը և իշխանիկները ձեզ չար զբաղմունք են տվել, որպեսզի չտեսնեք ու չհասկանաք, դարձի չգաք ու չփրկվեք, ձեզ կուրացնում և բթացնում են՝ շրջանակի մեջ պտտելով տանում են դեպի կորուստ։
Մենք գիտենք ոնց բացել կույրերի աչքերը, բուժել կաղերի ոտքերը, որպեսզի տեսնեք լույսը և քայլեք դեպի հաղթանակ և կառուցենք հզոր, ամուր, սիրով լի, արժանապատիվ հայրենիք, որտեղ կապրենք և կապրեցնենք արժանապատվորեն՝ կառուցելով ամուր տնտեսություն, հզոր բանակ և անվտանգ հայրենիք՝ սուրբ եկեղեցու սիրով լի։
Եթե նվիրյալ ես, դու երբեք չես դավանափոխվի, թեև ընկած ես, կոտրված ու ջախջախված․ թափ տուր քեզ և ոտքի կանգնիր, դա է քո կոչումը և առաքելությունը երկրի վրա։ Լավ իմացեք, սիրելի հայրենակիցներ, Աստված սատարում է հավատքով և կամքով հզորներին։
ՍԵՎ ՀՈՎԱԶ ՍԵՐՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀԳ Հիշեցնենք, որ Սերոբ Գասպարյանին կալանավորել են իշխանության զավթման նախապատրաստության համար, սակայն գործով անցնող որևէ փաստական ապացույց, որեւէ արժանահավատ վկա չկա, ինչի մասին Գասպարյանի պաշտպանները պարբերաբար հայտնել են։