Տարին հոբելյանական է «Տաղարան»-ի համար հնագույն երաժշտության անսամբլը տոնում է իր 45-ամյակը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:
Մոտ կեսդարյա պատմություն կերտած այս բացառիկ անսամբլը , իր տաճարային երաժշտությամբ, անտարբեր չի թողնում անգամ ամենաբծախնդիր հանդիսատեսին: Յուրաքանչյուր համերգի «Տաղարան», -ը ներկայանում է նոր շնչով , ժամանակին համընթաց , ակադեմիական բեմահարթակից հնչեցնելով 5-15-րդ դարերի հայ ազգային մշակույթի բացառիկ արժեքներ . շարականներ, տաղեր , հոգևոր ու աշխարհիկ գոհարներ ու համաշխարհային հնագույն երաժշտություն:
«Տաղարան»-ը 45 տարիների անբասիր աշխատանքային գործունեությամբ , ազգային ու համամարդկային մշակութային ժառանգությունը պահում, պահպանում, հանրայնացնում ու փոխանցում է սերունդներին։ Անգնահատելի է անսամբլի դերը մերօրյա մշակութային պատմության կերտման, կայացման, հայի ու ազգայինի դաստիարակման գործում։
2026 թվականի յուրաքանչյուր համերգ սպասված տոնակատարություն է լինելու , հանդիսատեսի համար `իր ուրույն ձեռագրով ապահովելով մշակութային հրավառություն:
Դե իսկ սկիզբը 1981թվականին էր , երբ Գրիգոր Դանիելյանը , նույն ինքը Դանիել Երաժիշտը , հիմնեց «Շարական» հնագույն երաժշտության անսամբլը ` ղեկավարելով այն մինչև 1985 թվականը: Անսամբլի անվանումը հուշել է իր ուսուցիչ` երաժշտագետ Ռոբերտ Աթայանը ։ Մաեստրոն առաջնորդվել է այն գաղափարով , որ , եթե 200-300 տարվա մշակութային պատմություն ունեցող երկրները կարող են հնագույն երաժշտության անսամբլներ ունենալ , ապա հազարամյակների պատմություն ու մշակույթ ունեցող հայ ազգը աներկբայորեն պետք է ունենա իր հնագույն երաժտական ստեղծագործությունները պրոֆեսիոնալ կատարմամբ ներկայացնող և ավետող անսամբլ ։ 1985 թվականին “Մելոդիա” ֆիրմայի կողմից `Արամ Խաչատրյան համերգասրահում , տեղի է ունենում Շարական անսամբլի ձայնագրությունը ։1986 թվականին թողարկվում է «Շարական» հնագույն երաժշտության անսամբլի ձայնասկավառակը ։
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն , խորապես կարևորելով անսամբլի տեղը և դերը , որոշում է կայացնում անսամբլը ընդգրկել եկեղեցական միջոցառումների շարքում , տալով իր օրհնությունն ու բարեմաղթանքը: Կոմունիստական կուսակցության ղեկավարության առաջարկով հնագույն երաժշտության «Շարական» անսամբլը անվանակոչվել է «Տաղարան», , քանի որ անվանումն ուներ կրոնական ու հոգևոր բնույթ:
«Տաղարան»-ի առաքելությունն ի սկզբանե եղել է վեր հանել ու հանրահռչակել մեր ժողովրդի հնագույն երաժշտությունը: 1987 թվականին «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի ղեկավարությունը ստանձնում է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը: 1988 թվականին «Տաղարան»-ը ստացել է պետական կարգավիճակ։ Այս տարիներին անսամբլը ծաղկունք ապրեց, ներկայացավ այլ հարթության բարձունքից` հաղորդելով նոր շունչ ու որակ: Երվանդ Երկանյանը «Տաղարան»,-ի համար մշակել է 350- ից ավելի հայ հոգևոր , ժողովրդական , ազգային , հայրենասիրական ստեղծագործություններ , որոնք առանձնանում են բարձրաճաշակ , երկանյանական հոգու նուրբ ձեռագրով: Երվանդ Երկանյանի մշակումները առանձնահատուկ են հայ հոգևոր երգարվեստի ոճի ճշգրիտ ըմբռնմամբ, կոմպոզիտորական բարձր վարպետությամբ:
Այդ տարիներին «Տաղարան»-ը, առաջին անգամ, հանդիսատեսին է ներկայացրել Կլաուդիո Մոնտեվերդիի «Պոպեայի թագադրությունը»-ը, Քրիստոֆ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» և Ա. Տիգրանյանի “Անուշ” օպերաները` համերգային ձևաչափով։ Երվանդ Երկանյանի ղեկավարության օրոք, 1990 թվականին «Մելոդիա» ֆիրմայի կողմից` Մոսկվայում «Տաղարան»-ը ձայնագրվում ու թողարկում է ձայնասկավառակ։
1994 թվականից անսամբլը ղեկավարում է լավագույն մաեստրոներից մեկը` դաշնակահար , ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը , որը ոչ միայն պահում է անզուգական ու մաքրամաքուր բարձր արվեստ ներկայացնելու իր առաքելությունը , այլ նաև բեմ է բարձրացնում այնպիսի գոհարներ , որոնց մշակումներն ու գործիքավորումները տասնամյակներ շարունակ ունկնդրին ուղեկցում և տեղափոխում են երաժշտության տիեզերական աշխարհ:
Մաեստրո Սեդրակ Երկանյանի ձեռամբ «Տաղարան»-ը հսկայական գործունեություն է ծավալում ` ներակայացնելով հայ հոգևոր միջնադարյան երաժշտությունից մինչև եվրոպական մինչդասական ու բարոկկո շրջանի երաժշտություն : Հայ մշակութային գանձերին զուգահեռ հնչում է նեգրական սպիրիչուելներ , իսպանական, ֆրանսական, իտալական, գերմանական , չինական հնագույն երաժշտության ամբողջական պատկերներ : «Տաղարան», — ը , լինելով միակը ` գրեթե կես դար երաժշտական ոճային առանձնահատկությունով , բարձր վարպետությամբ , մենակատարների ու նվագախմբի համահունչ ներդաշնակությամբ , միշտ բարձրակետում է: Այս անսամբլը ակադեմիական բեմից , ակադեմիական հնչողությամբ ճշմարիտ արվեստով կրթում ու դաստիարակում է որակյալ հասարակություն: Հիրավի , անսամբլի առաքելությունը մեր օրերում բարդ է , բայց Ս. Երկանյան մաեստրոն գիտի , որ յուրաքանչյուր ճշմարիտ արվեստագետ ինքն է իր ուղին հարթում , հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ ` ի շահ «Տաղարան»-ի: Մաեստրոն , հավատարիմ մնալով իր գենետիկ կոդին , կոմիտասյան ուղենիշը այցեքարտ դարձրած , կերտում է «Տաղարան»-ի իր ղեկավարության եռահատորը: Նա քարտեզագրել , մշակել ու «Տաղարան»-ի երկացանկը հարստացրել է հորովելների , քոչարիների , հայկական խճանկարների , հարսանեկան հայտնի ու անհայտ երգերի ու պարեղանակների շարքերով :
Անսամբլը ներկայացրել է «Կարոս խաչ» վիպերգությունը և Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա գրված «Վարք հիմարաց», խաղերգությունը (կոմպոզիտոր `Դ. Սաքոյան ) ։
«Տաղարան» , հնագույն երաժշտության անսամբլն իր 45 տարիների կարևոր ու բեղմնավոր գործունեության ընթացքում մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, հայտնի ստուդիաների կողմից ձայնագրվել` թողարկելով ձայնասկավա
ռակներ, նկարահանել տեսահոլովակներ, մշտապես արժանացել հեղինակավոր հեռուստա և ռադիո ծրագրերի ուշադրությանը, միջազգային ու տեղական մամուլի անդրադարձների ։ Անսամբլը համերգային ծրագրերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում , ներկայացնելով հայկական մշակույթը , բարձր հնչեցնելով Հայաստան անունը:
Մ.Գևորգյան





