Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվում է գլխապտույտ արագությամբ, իսկ փորձագետները նոր պատերազմ են կանխատեսում, որտեղ բախվելու են բոլորը՝ բոլորի հետ։
Իրանա-իսրայելական վերջին սրումը սպառնում է լայնածավալ պատերազմի վերածվել։ Տարածաշրջանի բոլոր հակամարտությունները փոխկապակցված են միմյանց հետ։ Կարող է թվալ, թե տեղի է ունենում լոկալ տարածաշրջանային հակամարտությունների իմիտացիա, բայց այդ բոլոր հակամարտությունները փոխկապակցված են։
Այդ իրավիճակում Հայաստանի գործող իշխանությունների անհոգ վարքը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ հեծանվային արշավները միայն տարակուսանք են հարուցում։ Այսօր վտանգի տակ է Սյունիքը, Ադրբեջանը կարող է օգտվել աշխարհաքաղաքական իրավիճակից և նոր ռազմական էսկալացիա սկսել։ Եթե Սյունիքը զիջեն, Հայաստան չի լինելու։ Իշխանությունը հրաժարվում է Հայաստանից։ Ինչպես կանգնեցնել, ինչպես լուծել այս հա՞րցը։
Պետք է փոխել պետական համակարգը, փոխել ղեկավարությունը։ Եվ սկսել քրտնաջան աշխատել անվտանգության այն համակարգի շրջանակներում, որը ստեղծվել է 30 տարվա ընթացքում։ Նկատի ունեմ ռազմավարական գործընկեր՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը։ Եթե այս կազմակերպության գործելակերպը որևէ առումով դժգոհություն է առաջացնում, ապա կարիք չկա «սառեցնել» մասնակցությունը ՀԱՊԿ-ում։
Բազմիցս նշել եմ, որ հարկավոր է անվտանգության նոր առանցք ստեղծել՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան։ Այս իշխանությունը ոչ միայն ունակ չէ անել դա, այլև բոլորովին հակառակն է անում։ Հարկավոր է օր առաջ կասեցնել երկրի անկումը։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան