Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական օպերացիայի այս օրերին տրամաբանական է դառնում հարցը, թե նախորդ 12-օրյա պատերազմից հետո ի՞նչ դասեր է քաղել Իրանը, և ի՞նչ հետևություններ է արել:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:
– Գլոբալ առումով 12-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Իրանի դիմակայությունը Իսրայելի և ԱՄՆ-ի հետ տեղափոխվել է տեխնոլոգիական, ցանցային և հոգեբանական հարթություն, որտեղ ռազմական գործողությունը շարունակվում է նաև տեղեկատվական դաշտում և միջազգային օրակարգում։ Իրանի համար հիմնական դասն այն էր, որ ուժի կիրառման արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն հարվածի ճշգրտությամբ, այլ նաև քաղաքական ուղերձի կառավարմամբ, դաշնակցային կապերի ճկունությամբ և ռազմավարական համբերատարությամբ։
12-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց նաև, որ ժամանակակից հակամարտություններում որոշիչ է ինտեգրված հարվածային համակարգերի կիրառումը, ինչպես նաև պաշտպանական շերտերի բազմազանեցումը՝ հակաօդային, հակահրթիռային և էլեկտրոնային պայքարի բաղադրիչներով։
Հաշվի առնելով վերջին օրերին Իրանի գործողությունների ընթացքը և տրամաբանությունը, կարելի է արձանագրել՝ Թեհրանի նախընտրած ասիմետրիկ մեթոդաբանությունը ոչ միայն կենսունակ է, այլ նաև արդյունավետ: Իրանն ընթացիկ պատերազմում առաջնորդվում է բազմաշերտ զսպման ռազմավարությամբ, որի առանցքում գտնվում է հակառակորդին առավելագույն վնաս հասցնելու կարողությունը: Ռազմական գործողությունների մակարդակում Իրանը հենվում է ասիմետրիկ և ցանցային պատերազմի մոդելի վրա՝ համադրելով հրթիռային և անօդաչու հարվածային միջոցները, կիբեռգործիքները, տեղեկատվական ազդեցության մեխանիզմները և տարածաշրջանային գործընկերների միջոցով ստեղծվող օպերատիվ խորությունը։
Այս մոդելը ձևավորում է բազմաշերտ ճնշում, որը բարդացնում է հակառակորդի պաշտպանական պլանավորումը և մեծացնում նրա ռազմաքաղաքական ծախսերը։ Իրանի ռազմավարական տրամաբանությունը ենթադրում է, որ ճնշման կուտակային ազդեցությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան մեկ հզոր, բայց ռիսկային հարվածը, հատկապես, երբ դիմակայությունը դիտարկվում է որպես երկարաժամկետ մաշեցնող գործընթաց։ Միաժամանակ Թեհրանը փորձում է պահպանել գործողությունների իրավաքաղաքական հիմնավորումը՝ ներկայացնելով իր քայլերը՝ որպես պատասխան գործողություններ կամ կանխարգելիչ բնույթի միջոցներ։ Սա կարևոր է ոչ միայն ներքին համախմբման, այլև միջազգային դիվանագիտական դաշտում մանևրելու համար, քանի որ Իրանը ձգտում է խուսափել լիակատար մեկուսացումից և պահպանել հարաբերական աջակցություն այն ուժերից, որոնք շահագրգռված են բազմաբևեռ կարգի ամրապնդմամբ։
Այդ պատճառով ռազմական գործողությունները հաճախ ուղեկցվում են հստակ քաղաքական ուղերձներով և նպատակներով։ Ընդհանուր առմամբ, Իրանի ռազմավարական տրամաբանությունը կառուցված է երեք առանցքի վրա՝ զսպում, մաշեցում և էսկալացիայի կառավարում։ Թեհրանը ձգտում է ցույց տալ, որ ունի պատժիչ կարողություն և երկարատև դիմակայության ռեսուրս, սակայն միաժամանակ փորձում է պահել հակամարտությունը վերահսկելի շրջանակներում:
– Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական ագրեսիայից առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել էր Իրան, բարձր մակարդակի կարևոր հանդիպումներ էր ունեցել, ինչը, ըստ էության, քաղաքական մեսիջ էր: Իսկ ինչպե՞ս է նրա այցն ընկալվել Իրանում, ի՞նչ են հուշում կուլիսային խոսակցությունները:
– ՀՀ պաշտպանության նախարարի այցը Իրանում ընկալվել է նախևառաջ տարածաշրջանային անվտանգային վերադասավորումների համատեքստում՝ որպես ռազմավարական երկխոսության շարունակականության ազդակ։ Թեհրանում նման այցերը դիտարկվում են ոչ միայն երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում, այլ նաև որպես քաղաքական ազդակ:
Իրանական վերլուծական շրջանակներում շեշտադրվում է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ակտիվ շփումները Իրանի հետ նպաստում են հյուսիսային սահմանների կայունության և ուժային հավասարակշռության պահպանմանը։ Ընդհանրապես, Թեհրանի ռազմավարական ընկալման մեջ Հայաստանը դիտվում է որպես հարևան, որի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը համընկնում են Իրանի տարածաշրջանային ռազմավարական շահերի հետ։ Այդ համատեքստում պաշտպանության ոլորտի շփումները դիտարկվում են որպես կանխարգելիչ դիվանագիտության մաս, որը միտված է ապակայունացնող սցենարների նվազեցմանը։ Նման այցերը դիտարկվում են նաև որպես ուղիղ կապի պահպանման միջոց, որը թույլ է տալիս հստակեցնել դիրքորոշումները և կանխել թյուրըմբռնումները։ Ընդհանուր առմամբ, Իրանում այցն ընկալվել է հանգիստ, գործնական և դրական տոնով՝ առանց սենսացիոն գնահատականների։ Այն դիտվում է որպես երկկողմ հարաբերությունների բնական զարգացում և տարածաշրջանային ուժային հավասարակշռության պահպանման տրամաբանության մեջ տեղավորվող քայլ։
– Վերադառնանք Իրանի շուրջ ստեղծված ներկա վիճակին. արդյո՞ք այս պատերազմը Իրանի ներսում ազգային փոքրամասնությունների միջև միջազգային բախումների կհանգեցնի:
– Իրանի պետական, ինչպես նաև փորձագիտական և վերլուծական շրջանակներում կա կարծիք, որ թշնամին փորձելով հրահրել էթնիկ բախումներ, ձգտելու է հասնել հասարակական փլուզման երկրում: Բայց միևնույն ժամանակ՝ գերակշռող գնահատականն այն է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ ընթացող պատերազմն ինքնին ուղղակիորեն չի վերածվելու լայնածավալ էթնիկ բախումների երկրի ներսում, քանի որ պետությունն ունի անվտանգային և վարչական բավականին ամուր կառավարման համակարգ։ Իրանը բազմազգ կառուցվածք ունի, և կենտրոնական իշխանությունը երկար տարիներ մշակել է վերահսկման, ինտեգրման և կանխարգելիչ անվտանգության մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս արագ արձագանքել ներքին լարվածություններին։ Ռազմավարական մակարդակում իշխանությունները նման արտաքին ճնշումը հաճախ ներկայացնում են որպես ազգային ինքնիշխանության դեմ մարտահրավեր, ինչը նպաստում է համախմբման դիսկուրսի ձևավորմանը։
Իհարկե, իրանական վերլուծական դաշտում նաև հասկանում են, որ երկարատև ռազմական և տնտեսական ճնշումը կարող է խորացնել սոցիալ-տնտեսական դժգոհությունները, ինչը որոշ շրջաններում կարող է ստանալ նաև էթնիկական երանգավորում։ Սակայն այստեղ որոշիչ է պետության կարողությունը՝ կանխելու արտաքին դերակատարների կողմից ներքին տարաձայնությունների շահարկումը։
Իրանի անվտանգության հայեցակարգում կարևոր տեղ ունի այն գնահատականը, որ հակառակորդները կարող են փորձել էթնիկ և հասարակական ապակայունացման մեթոդներ կիրառել՝ տեղեկատվական ազդեցության, կիբեռգործիքների և տեղային դժգոհությունների ակտիվացման միջոցով, ուստի այդ ռիսկերը դիտարկվում են կանխարգելման ենթակա, այլ ոչ թե անխուսափելի սցենար։
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ պատմականորեն արտաքին ռազմական սպառնալիքի պայմաններում իրանական հասարակության մոտ ակտիվանում է պաշտպանական համախմբման տրամաբանությունը։ Պատերազմն ընկալվում է ոչ թե էթնիկ հարթության մեջ, այլ որպես ինքնիշխանության, անվտանգության, հավատքի և ազգային արժանապատվության հարց, ինչը նվազեցնում է ներքին բևեռացման հավանականությունը։ Ընդհանուր առմամբ, Իրանում էթնիկական բախումների հավանականությունը կախված է ոչ այնքան արտաքին ռազմական գործողությունների փաստից, որքան դրանց տևողությունից, տնտեսական հետևանքներից և տեղեկատվական միջավայրի կառավարման արդյունավետությունից։ Պաշտոնական Թեհրանի հաշվարկը հիմնված է այն համոզման վրա, որ ուժեղացված անվտանգային վերահսկողության, գաղափարական համախմբման և փուլային ճգնաժամային կառավարման միջոցով հնարավոր է կանխել ներքին լուրջ էսկալացիան՝ նույնիսկ բարձր արտաքին ճնշման պայմաններում։
– Գուցե դեռ վաղ է վերջնական գնահատական տալ՝ որ կողմը շահած դուրս կգա այս պատերազմից, որը՝ տուժած, թեև որոշակի ենթադրություններ կարելի է անել: Դուք ի՞նչ եք կարծում:
– Այս փուլում վերջնական գնահատական տալը վաղ է, այո, սակայն Իրանի ռազմավարական դիտակետից արդյունքը չափվելու է հիմնականում զսպման հավասարակշռության պահպանմամբ և քաղաքական նպատակների իրագործման աստիճանով։ Եթե Իրանին հաջողվի պահպանել իր պետական կայունությունը, չներգրավվել առավել լայնամասշտաբ, ավերիչ պատերազմի մեջ, և միաժամանակ պահպանել Իսրայելի նկատմամբ պատժիչ կարողության ընկալումը, ապա Թեհրանում դա կդիտարկվի որպես հարաբերական շահում՝ նույնիսկ մարդկային և նյութական կորուստների պայմաններում։
Չմոռանանք, որ Իրանի ռազմավարական մշակույթում «շահելը» հաճախ նույնացվում է դիմակայունության ցուցադրման, սեփական դիրքերի պահպանմամբ և հակառակորդի ծրագրերի ձախողման հետ, այլ ոչ թե արագ ռազմական հաղթանակի։ Իսրայելի և ԱՄՆ-ի համար ևս արդյունքը միանշանակ չէ։ Եթե նրանց հաջողվի սահմանափակել Իրանի ռազմական հնարավորությունները և նվազեցնել տարածաշրջանային ազդեցությունը, ապա դա կդիտարկվի որպես ռազմավարական ձեռքբերում։ Սակայն եթե Իրանը կարողանա պահպանել իր հարվածային և դաշնակցային կարողությունները՝ չնայած ճնշմանը, դիմակայությունը կարող է ամրապնդել նրա դիրքերը որպես երկարաժամկետ մրցակից, ինչը կնշանակի, որ հակառակորդները չեն հասել իրենց առավելագույն նպատակներին։
– Այսօրվա իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում «Թրամփի ուղի» նախագծի ճակատագիրը, արդյո՞ք Իրանն ի վիճակի կլինի պաշտպանել իր կարմիր գծերը, թե՞… Ի դեպ, Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ օր առաջ պետք է ավարտել պատերազմը և թույլ չտալ, որ տարածաշրջանն է՛լ ավելի կրակի մեջ հայտնվի, այլապես ոչ ոք չի կարողանա դիմակայել տնտեսական և աշխարհաքաղաքական անորոշ վիճակին, որը կարող է ստեղծվել: Մյուս կողմից, Ադրբեջանը և Թուրքիան «Զանգեզուրի միջանցքի» շահագրգիռ կողմն ու հեղինակն են, որին դեմ է Իրանը: Ըստ այդմ՝ ի՞նչ սպասել նաև Սյունիքի շուրջ և նախիջևանյան թևում:
– Այսօրվա պայմաններում «Թրամփի ուղի» նախագծի ճակատագիրը մեծապես կախված է նրանից, թե ինչ տրամաբանությամբ կվերակազմավորվի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, և որքանով այն կփորձի ուժային ճնշմամբ վերաձևել տարածաշրջանային հաղորդակցությունները։ Այս համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել այն իրողությունը, որ նախաձեռնությունը ենթադրում է Իրանի շրջանցմամբ կամ նրա ռազմավարական շահերի հաշվին ձևավորվող տրանսպորտային և աշխարհաքաղաքական նոր ճարտարապետություն, իսկ Իրանի դիրքորոշումը միանշանակ լինելու է կոշտ և տեսականորեն հնարավորինս կանխարգելիչ։ Թեհրանի համար կարմիր գիծը հյուսիսային սահմանների անփոփոխելիությունն է և ցանկացած «միջանցքային» տրամաբանության մերժումը, որը կարող է նվազեցնել իր տարանցիկ և անվտանգային նշանակությունը՝ վնասելով իր տարաշարջանային ռազմավարական շահերին և անվտանգային մթնոլորտին։
Իրանը բազմիցս հասկացրել է, որ պատրաստ է ոչ միայն դիվանագիտական, այլև ուժային ազդակներով ընդգծել այդ սահմանափակումները։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը պատերազմի արագ ավարտի անհրաժեշտության մասին, դա արտացոլում է տնտեսական և տարածաշրջանային կայունության պահպանման շահը, սակայն, ինչպես հայտնի է, Անկարայի և Բաքվի կողմից առաջ մղվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը հակասում է Իրանի ռազմավարական ընկալմանը։
Թեհրանում դա դիտարկվում է ոչ թե պարզապես հաղորդակցային նախագիծ, այլ հնարավոր աշխարհաքաղաքական վերադասավորում, որը կարող է ստեղծել թուրքական անընդհատ կապ Կասպից ծովից մինչև Միջերկրական ուղղություն՝ շրջանցելով Իրանը։ Այդ պատճառով Իրանի դիրքորոշումը կառուցված է «սահմանների անփոփոխելիություն և տարածաշրջանային հաղորդակցությունների բացում՝ միայն ինքնիշխանության պահպանմամբ» սկզբունքի վրա։ Սյունիքի շուրջ զարգացումները, ըստ իրանական ռազմավարական գնահատման, մնալու են բարձր զգայունության գոտի։
Թեհրանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ուժեղացնել քաղաքական, տնտեսական և ենթակառուցվածքային ներկայությունն այդ ուղղությամբ՝ ցույց տալու համար, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը համընկնում է իր անվտանգային շահերի հետ։
Նախիջևանյան թևում ևս Իրանը կփորձի պահպանել ուժերի հավասարակշռությունը՝ միաժամանակ խուսափելով բաց ռազմական բախումից Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, սակայն չթույլատրելով փաստացի իրավիճակի միակողմանի փոփոխություն։ Ընդհանուր առմամբ, Իրանը ունի բավարար քաղաքական կամք և տարածաշրջանային լծակներ իր «կարմիր գծերը» պաշտպանելու համար։ Ամենահավանական սցենարն, ըստ իս՝ շարունակական ճնշման և հակաճնշման դինամիկան է՝ առանց լայնամասշտաբ պատերազմի, բայց նաև առանց արագ կարգավորման։
Սյունիքի և Նախիջևանի ուղղությամբ զարգացումները կախված կլինեն նրանից՝ արդյո՞ք կողմերը կհամաձայնեն հաղորդակցությունների բացման փոխզիջումային մոդելի, թե՞ կփորձեն առաջ մղել միակողմանի աշխարհաքաղաքական նախագծեր, ինչի դեպքում Իրանի արձագանքը լինելու է առավել կոշտ և սկզբունքային։





