Search
Close this search box.

Սուրեն Չախալյան․ Հավաքականը գլխավորելու որոշումը կայացրի, որպեսզի լինեմ թիմի կողքին այս ծանր վիճակում

Հավաքականն այսօր ծանր վիճակում է: Հավաքականը գլխավորելու որոշումը կայացրի, որպեսզի լինեմ հավաքականի կողքին այս ծանր վիճակում, այլ ոչ լավ իրավիճակներում:

Այս մասին նախախաղային ասուլիսում նշեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը:

Հայաստանի թիմը պատրաստվում է Ազգերի լիգայի 5-րդ տուրի հանդիպմանը Ֆարերյան կղզիների թիմի դեմ։

«Հավաքականն այսօր ծանր վիճակում է: Հավաքականը գլխավորելու որոշումը կայացրի, որպեսզի լինեմ հավաքականի կողքին այս ծանր վիճակում, այլ ոչ լավ իրավիճակներում: Ինձ համար առաջնային է լինել հավաքականի կողքին այս շրջանում: Թե ինչ փոփոխություններ է լինելու հավաքականում, ինչ սխեմայով ենք խաղալու, այսօր ոչինչ չեմ ասի, կտեսնեք վաղվա խաղում:

Այսօր ամեն ինչ փոխված է եւ Ֆարերյան կղզիներն ուրիշ ֆուտբոլ է խաղում: Ֆարերյան թիմը ոչ մի երկրի թիմին հեշտության հաղթանակ չի տվել: Մեծ հարգանքով ենք մոտենում մեր մրցակցին: Կփորձենք հաղթել:

Արտակ Դաշյանը չի հրավիրվել հավաքական, քանի որ վնասվածք ունի եւ դեռ չի ապաքինվել:

Բոլորդ էլ գիտեք, թե ինչ խնդիր էր դրված հավաքականի առջեւ՝ հաղթել Ազգերի լիգայում: Այդ խնդիրը լուծել չեղավ: Այսօր մեկ այլ խնդիր ունենք․ հաղթել վերջին երկու խաղում, որպեսզի խուսափենք չորրորդ տեղից:

Հավաքականը երկրպագուներին ապացուցելու խնդիր ունի այնքանով, որ պետք է վաղվա խաղում հաղթի: Հավաքականի ճամբարում այս մի քանի օրերում աշխատել ենք խնդիրների վրա: Հույս ունեմ, որ վաղն ամեն ինչ իդեալական կլինի, սխալներ թույլ չենք տա:

Մեկ օրը շատ քիչ է պատրաստվելու համար: Միայն երեկ կարողացանք լիարժեք մարզում անցկացրել, երբ բոլոր հրավիրված ֆուտբոլիստներըը ներկա էին: Նաեւ այսօր կօգտագործենք նախախային մարզման ընթացքում: Հիմնական սկզբունքների վրա աշխատել ենք:

Երբ թիմը պարտվում է, երկրպագուներն իրավունք ունեն դժգոհություններ հայտնել: Հույս ունեմ, որ վաղը մարզադաշտում կլինի 12-րդ «խաղացողը» եւ կօգնի մեզ հաղթանակի հասնել: Մեր երկրպագուների ներկայությունը, աջակցությունը բոլորիս համար շատ-շատ կարեւոր է»,- ասաց Սուրեն Չախալյանը:

Ազգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան — Ֆարերյան կղզիներ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Հայաստանի թիմը Ֆարերյան կղզիների թիմին հյուրընկալվել էր Ազգերի լիգայի երրորդ տուրում եւ բավարարվել էր ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Չորրորդ տուրում Հայաստանի թիմը տանն ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիայի թիմին եւ պարտվել 0:2 հաշվով: