Սուրճ խմելու տեղը մի գերի ազատիր. Արմինե Օհանյան

Մինչ մենք ոգեւորված հետեւում էինք ռուս-ադրբեջանական հակամարտությանը, ձեռքներս շփելով ու հաշվելով, թե ինչ կարող ենք շահել այդ հակասություններից, Պուտինն ու Ալիեւը ցուցադրաբար հաշտվեցին, գրկախառնվեցին, փոխադարձ ռեւերանսներ արեցին, ներողություններ խնդրեցին իրարից: Դրան անմիջապես հաջորդեց «Սպուտնիկի»` Բաքվում կալանավորված լրագրողի ազատ արձակումը: Ռուսաստանից լուրեր են ստացվում, որ Պուտինն էլ Աղալարովների եւ ադրբեջանական համայնքի հանդեպ շուտով պատասխան ժեստեր կանի:
Իսկ այդ ընթացքում մեր պետության ղեկավարը, որը կայծակի արագությամբ մե՛կ Եվրոպա է շտապում, մե՛կ ԱՄՆ մեկնում, մե՛կ` Ասիա, հանդիպում է տասնյակ պաշտոնյաների հետ, լուսանկարվում, հաղորդագրություններ է տարածում, ելույթներ ունենում, ոչ մի շոշափելի արդյունք չի արձանագրում մեր երկրի ու մեր ժողովրդի համար: Վերջին տարիներին Փաշինյանը տասնյակ, եթե ոչ` հարյուրավոր, հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիեւի հետ, ջերմորեն զրուցել նրա հետ, հայտարարել, որ փոխըմբռնում կա իրենց միջեւ, բազմաթիվ թղթեր ստորագրել:
Նրանց կաբինետի ներկայացուցիչներն են միմյանց հետ հանդիպել, թղթեր ստորագրել, պայմանավորվածություններ ձեռք բերել: Որպես կանոն, արդյունքում ՀՀ իշխանավորները զիջումների են գնացել, այն էլ՝ լուրջ զիջումների, լիքը խոստումներ են տվել:
Բայց մեր օգտին ոչ մի զիջման չեն հասել:
Նույնիսկ գեթ մեկ գերի Բաքվի բանտից ազատ չի արձակվել: Վերջին անգամ գերիների մի խումբ վերադարձել է 2023-ի դեկտեմբերին, այն էլ` ով ասես, հայտարարեց, որ դա իր միջամտության արդյունքում է եղել: Նաեւ` այն բանի արդյունքում, որ COP-ի 2024 թվականի համաժողովի կազմակերպման հարցում Հայաստանը հրաժարվել է իր հայտից:
Շուրջ 2 տարի գեթ մեկ գերի չի վերադարձել Հայաստան:
Նույնիսկ 2020 թ. պատերազմի գերեվարված մասնակիցները, որոնք Հայաստանից մեկնել են ռազմաճակատ` իրենց հայրենիքը պաշտպանելու, եւ արդեն 5 տարի է՝ տառապում են Բաքվի բանտում:
Բաքվի բանտերում խոշտանգում են նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, կեղծ մեղադրանքներով դատում, նրանցից մի քանիսն ինքնասպանության փորձ է արել, իսկ Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո խզվել է նրանց կապն ընտանիքների հետ, եւ որեւէ տեղեկատվություն չունենք նրանց մասին:
Բայց Նիկոլ Փաշինյանը ջերմորեն զրուցում է Ալիեւի հետ, նրա հետ սուրճ խմում, լուսանկարվում` դրա դիմաց գեթ մեկ գերու ազատագրման հարցը չլուծելով:
Սրանից միայն երկու եզրակացություն կարելի է անել` կա՛մ նրան գերիների հարցը չի հետաքրքրում, եւ նա իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումների ժամանակ բացարձակապես չի բարձրացնում գերիների հարցը, կա՛մ նա այնքան հեղինակություն եւ ուժ չունի, որ նույնիսկ եթե բարձրացնում է, Ալիեւը բանի տեղ չի դնում նրա խնդրանքը:
Արմինե Օհանյան
<<Հրապարակ>>

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։