Մայիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Արմավիր քաղաքի տներից մեկից «սրտի կանգ» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի, ով այնուհետև տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ, պարզել են, որ երեխան Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Է․ Ե․-ն է, ով մայիսի 28-ի ժամը 07։40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։