Ձմեռային սեզոնի մեկնարկով երեխաների մոտ նկատվում է սուր վիրուսային հիվանդությունների աճ։ Վիրուսները հեշտ են տարածվում փակ տարածքներում՝ մանկապարտեզում, դպրոցում, խմբակներում, ուստի կարևոր է ճանաչել հիմնական նշանները, ճիշտ խնամել երեխային և հասկանալ՝ երբ է պետք դիմել բժշկին։
Ամենահաճախ հանդիպող վիրուսներն առանձնացրել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Լիանա Նազարյանը:
ՍՇՎ (սուր շնչառական վարակներ)- քթահոսություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն
Գրիպ-բարձր ջերմություն, դող, մկանային ցավեր, հանկարծակի սկիզբ
ՌՍ վիրուս, պարագրիպ-կարող են առաջացնել շնչառության սուլոց, «հաչող» հազ
Ադենովիրուս-ջերմություն, աչքերի կարմրություն, մեծացած ավշահանգույցներ
Ինչպես են ի հայտ գալիս վիրուսային վարակները
Շատ վիրուսային հիվանդություններ սկսվում են նմանատիպ նշաններով․
բարձր ջերմություն
քթախցանում, քթահոսություն
հազ
ախորժակի նվազում
կնկոտություն, գրգռվածություն
Մանկաբույժն ընդգծում է, որ ջերմությունը օրգանիզմի բնական պաշտպանական արձագանքն է։
Ինչ կարող են անել ծնողները տանը
հեղուկների առատ օգտագործում՝ ջուր, կոմպոտ, թեյ
սենյակի հաճախակի օդափոխություն և խոնավացում
աղային լուծույթներով քթի լվացում
ջերմիջեցնողներ (պարացետամոլ, իբուպրոֆեն)-միայն անհարմարության կամ բարձր ջերմության դեպքում
հանգիստ ռեժիմ, ծանր սնունդ հարկադրաբար չտալ
Հակաբիոտիկները օգուտ չեն տալիս վիրուսների դեմ և նշանակվում են միայն բակտերիալ բարդությունների դեպքում։
Երբ է անհրաժեշտ դիմել բժշկին
ջերմություն՝ 39°С-ից բարձր, որը դժվար է իջնում
արտահայտված շնչահեղձություն, աղմկոտ շնչառություն, «հաչող» հազ
արտահայտված թուլություն, հեղուկներից հրաժարում
ցան, ուժեղացող ցավ ականջում կամ կրծքավանդակին
եթե երեխան փոքր է 3 ամսականից և ունի որևէ ախտանշան
Կարելի՞ է կանխել վիրուսային հիվանդությունները
Լիովին խուսափել վիրուսներից դժվար է, սակայն հնարավոր է նվազեցնել ռիսկը․
ձեռքերի հաճախակի լվացում
մարդաշատ, փակ տարածքներից խուսափում
լիարժեք քուն
սեզոնային գրիպի պատվաստանյութ:




