2024 թվականի նոյեմբերին ադրբեջանական սոցիալական ցանցերում հայտնվել են Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում տարբեր օգտատերերի կողմից արված տեսանյութեր: Հիմնվելով այս տեսանյութերի վրա՝ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական հարթակը փաստում է, որ հուշահամալիրը դեռեւս կանգուն է, անվնաս են Արցախյան պատերազմի մասնակիցների, հերոսների, նշանավոր գործիչների շիրմաքարերը:
Միաժամանակ կոչեր են արվում՝ ոչնչացնել այդ հուշահամալիրը: Նշենք, որ տեսանյութերի հեղինակներն առավելապես «շարքային» ադրբեջանցիներն են: Հուշահամալիրը ոչնչացնելու, վերափոխելու կոչերով, սակայն, առավել վտանգավոր են ադրբեջանական իշխանություններին մոտ կանգնած լրատվականների հակիրճ տեսանյութերը եւ դրանց ուղեկցող գրությունները, որտեղ հնչում են այդ կոչերը:
2024 թվականի նոյեմբերի 17-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկով, որ աչքի է ընկնում անհանդուրժողականությամբ, ագրեսիվ գրություններով, բացահայտ քննարկվում էր «հայերի անօրինական կառույցները» ոչնչացնելու հարցը:
Տեսանյութում երեւում է, որ ադրբեջանական կողմը քերել է հուշարձանի հայերեն գրությունները: Ջնջվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 2015 թվականին կանգնեցված զանգակատուն-հուշարձանին կից պատի հայերեն գրությունը: Դա Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից վերցված տողերն էին. «Ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց»: 2015 թվականին կանգնեցված հուշարձանի ճարտարապետն է Վլադիմիր Սարգսյանը, որը հուշարձանը կառուցել է որպես զանգակատուն՝ ոգեշնչվելով Սեւակի պոեմից:
Նշենք, որ, սկսած 2020-ից, ադրբեջանական կողմն օկուպացված Արցախում առաջին հերթին ոչնչացնում է Հայոց ցեղասպանության եւ Արցախյան հերոսամարտերի հիշատակին կանգնեցված հուշարձանները: