Գուգարաց թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի անդամ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը պնդում է՝ Ստեփան Ասատրյանը՝ նախկին հոգևորական Տեր Արամը, իրավունք չունի պատարագ մատուցելու, նա շնորհներից զրկված անձ է։
«Ինքը զբաղված է խաբեությամբ, խաբում է ժողովրդին։ Աստվածաշնչի մեջ Աբելն էլ պատարագ մատուցեց ու Աստված չընդունեց այդ պատարագը, հիմա իր պատարագն Աստծո մոտ ընդունելի կլինի՞, թե՞ չէ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հովնան Սրբազանը։
Սրբազան Հոր գնահատմամբ՝ այդպես լինի՝ յուրաքանչյուր մեկը կարող է պատարագ մատուցել, քանի որ նախկին հոգևորականն արդեն համահավասար է աշխարհիկ անձի։
Ստեփան Ասատրյանի կողմից պատարագ մատուցելը նզովքի է արժանի։
«Դա խաբեություն է, հավատացյալի բարեպաշտական զգացմունքներին դիպչել է»,- նշեց Գուգարաց թեմի առաջնորդը։
Ստեփան Ասատրյանը երեկ նաև մկրտություն է արել։ Սրբազանն ընդգծում է՝ այդ մկրտությունն անընդունելի է, այդ մարդը չի կարող համարվել մկրտված, քանի որ մկրտողը պետք է ունենա ձեռնադրություն, իսկ Ստեփան Ասատրյանի ձեռնադրությունը կասեցված է։
«Ինքը չունի այդ շնորհը, որ փոխանցի»,- նշեց Սրբազան Հայրը։
Հովնան Սրբազանի գնահատմամբ՝ Ստեփան Ասատրյանն ինքն իրեն տանում է հերձվածի. «Նոր հերձվածողական խումբ է ստեղծելու Հայաստանում»։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով: Նա պետք է դադարի գործունեությունը Հովհաննավանքում, Ստեփան Ասատրյանը, սակայն, որոշել է կիրակի օրը պատարագ մատուցել Հովհաննավանքում։
ՔՊ-ականներին ոգևորել է Ստեփան Ասատյանի այս քայլը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է Ասատրյանի կողմից մատուցվող պատարագին: