Այսօր՝ մարտի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից «Չարենցավան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ։
Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի մոտ հայտնաբերել են «Porsche Cayenne» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաներ և ըստ օպերատիվ տեղեկությունների նշված ավտոմեքենաներով են տեղափոխել վիրավորներին։3 վիրավորները ռեանիմոբիլներով «Չարենցավան» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»:Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են մահացածի, վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։
Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վաչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով Չարեցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
22:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ քրեական և համայնքային ոստիկանները, պարեկներն ու Կոտայքի մարզային քննչական վարչության և Չարենցավանի քննչական բաժնի քննիչները պարզել են դեպքի վայրը, որը Չարենցավանում հայտնի «Գինաց Հոլլ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում է, որտեղ հայտնաբերվել են գլխարկ, ակնոց, բանալի և այս պահին տեղում աշխատում է քննիչը, քննչական կոմիտեի փորձաքրեագետը։Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի ավագ դատախազ Հովհաննես Բաղյանը, ինչպես նաև դեպքի վայրում են Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանն ու բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանը։Պարզվել է նաև, որ կա ևս 1 վիրավոր: