ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետներում։
Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից՝ ներմուծված և տեղական շուկայից ձեռք բերված մեծ թվով ապրանքները, ինչպես նաև ծխախոտային արտադրանքներն ու փոխարինիչները վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի և մակնշման։
Շահագործվող որոշ էլեկտրոնային կշեռքներ օգտագործվել են առանց ստուգաչափման։
Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» անվանումներով վաճառվող խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։
— Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝
․ արտադրանքի իրացման կասեցման,
․ վաճառքից հետկանչման,
․ և ոչնչացման վերաբերյալ։
Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով։




