Սիրիայում ցեղասպանութիւն է։
Առաջիկայում այն կարող է հասնել Թուրքիայի արեւեւլեան միւս հարեւաններին։ Այդպիսին է մեր տարածաշրջանի քաղաքական զարգացումների միտումը։ ԱՄՆ-ն իրեն դուրս է դրել մոլորակի անվտանգութեան առաջնային պատասխանատուի կարգավիճակից՝ վաղուց յայտնի աշխարհի գիշատիչներին թողնելով գործել ըստ սեփական հայեցողութեան։ Կարծես թէ աշխարհը բեռնաթափում են իրենց համար աւելորդ դարձած բալաստից եւ առաւել խոշորացնում շնաձկներին։ Ռուս-ուքրաինական եւ միւս հակամարտութիւնները դադարեցնելու եւ “խաղաղութեան մասին” Թրամփի խօսոյթը միայն շղարշ է՝ իր վարչակարգը պատասխանատուութիւնից իբրեւ թէ ազատելու համար։ ԱՄՆ-ի այս տեսակ կառավարութեանը բնորոշող պատկերն ինձ համար Աֆղանստանը լքող ԱՄՆ զօրքի մի դրուագի հետ է կապուած։ Եթէ յիշում էք Քապուլից թռչող ռազմական վերջին ինքնաթիռից կախուել էին երբեւէ գերտէրութիւնների վրայ յոյս դրած աֆղանները։ Ի դէպ, գրառումս տգէտ ու տխմար ռուսամոլների համար չէ։ Եւ նրանք ԱՄՆ-ի դէմքը ցոյց տալու այս առիթից չփորձեն ոգեւորուել։ 1989 թ․ այդ նոյն տեմպի մէջ ռուսներն էին լքում Աֆղանստանը ու միեւնոյն պատկերն էր։
Վերադառնանք ցեղասպանութեանը։ Նման իրավիճակներում երբեք չի գործում «ո՞ւր էիր աստուած, երբ ցեղասպանում էին մի ողջ ժողովուրդ» հեծկլտոցը։ Աստուած այնտեղ է, որտեղ գիտակցում ու կամք կայ, պայքար կայ ու ադեկվատ հատուցում։ Այս ամէնը մենք ունենք հայ ժողովրդի խորքային մակարդակում, բայց չունենք կառավարութեան որակի մէջ։ Պետական իշխանութիւնը զաւթուած է անսկզբունք, տգէտ, անձեռնհաս, բարոյազուրկ, ինտրիգան խառնամբոխի կողմից, ում վաղուց հաւաքագրել ու իրենց հարճն է սարքել Մոսկուայում, Անգարայում, Պաքւում ու այլ մայրաքաղաքներում եղած իրապէս քաղաքական իշխանութիւնները։ Աշխարհում ցեղասպանութիւնների կանխարգելման միայն մի ձեւ կայ՝ ուժի կիրառումը։ Չմոռանանք՝ չնայած տուած կորուստներին 1915 թ․ փրկուել են այն համայքները, որոնք դիմել են ինքնապաշտպանութեան։ Իսկ յաղթել են նրանք, ովքեր կարողացել են համախմբուել։ Սիրիայում առաջիկայ օրերին նոյնն է լինելու։ Կազմակերպուած դիմադրութիւնը շատերի փրկութեան հնարաւորութիւնը կը դառնայ, միւսները կը մորթուեն իբրեւ գառներ, ովքեր նայում էին իրենց ոչխար առաջնորդներին կամ իրենց հօտի պահապան կարգուած արտաքին տիրոջ “գելխեղդ” շներին։
Մեր գործը մեր ոչխարներն են, գայլերն ու շները չեն։ Վերջիններս գործում են ըստ իրավիճակի ու հրահանգի։ Ոչխարներն են, որ ամէնից վտանգաւորն են ցեղասպանութեան մեխանիկայի շարժընթացն ապահովելու տեսանկիւնից։
Սարօ Սարոյեան