Սիրիայում բախումների ժամանակ 1 500-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիայի ժամանակավոր կառավարության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև մարտերի ժամանակ զոհվել է 1 500-ից ավելի խաղաղ բնակիչ, հաղորդել է սիրիական Sham TV-ն։

Զոհվածները Լաթաքիա, Տարտուս, Համա և Հոմս նահանգների բնակիչներ են, ամենից շատ զոհեր կան Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լաթաքիա նահանգում, այստեղ առնվազն 745 քաղաքացիական անձ է զոհվել։

Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում ժամանակավոր կառավարության ուժայինների և նախկին նախագահի կողմնակիցների միջև մարտերն սկսվել են մարտի 6-ին։ Ամենակատաղի մարտերը տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիներ՝ էթնոկրոնական փոքրամասնության ներկայացուցիչներ, որոնց պատկանում է Ասադների ընտանիքը։