Շուտով կարող են սկսել բողոքի ակցիաներ Վեհափառի դեմ՝ հենց Մայր Աթոռում․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլ Փաշինյանի գրառումից հնարավոր է եզրակացնել, որ շուտով կարող են սկսել բողոքի ակցիաներ Վեհափառի դեմ՝ հենց Մայր Աթոռում:
Դա բնականաբար կներկայացվի որպես «հավատավոր հոտի» ներկայացուցիչների դժգոհություն:
Իհարկե անմիտ է պնդել, թե Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդների շարքում չկան մեծ թվով մարդիկ, որոնք լինելով ՀԱԵ հետեւորդ, այդուհանդերձ չեն վստահում Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Բայց, եկեղեցու՝ հոգեւոր իշխանության հարցում առաջնորդվել քաղաքական իշխանության տրամաբանությամբ, այսինքն՝ «վարկանիշային» տրամաբանությամբ, մեղմ ասած սխալ է:
Օրինակ, Սուրբ Աթոռի առաջնորդին ընտրում է մի քանի տասնյակ կամ հարյուրից մի քիչ ավելի կարդինալ, փակ սենյակում, եւ աշխարհի կաթոլիկները առաջինը նույնիսկ ոչ թե Պապին են տեսնում, այլ սպիտակ ծուխը: Մոտ 1,5 միլիարդ կաթոլիկներից քանի՞ տոկոսն է վստահում որեւէ Պապի: Երբեւէ անցկացվե՞լ է այդպիսի հարցում:
Թերեւս ոչ, որովհետեւ հոգեւոր համակարգի այդպիսի տրամաբանությամբ չափումը կլինի ոչ միայն անմիտ, այլ նաեւ վտանգավոր: Դա կնշանակի քանդել հոգեւոր համակարգը հենց հանրային պատկերացումների շրջանակում:
Այսինքն, ապամոնտաժվում է ոչ միայն կոնկրետ հոգեւոր համակարգի դերը հասարակական հարաբերությունների կառուցվածքում, այլ ինքնին հոգեւոր համակարգ հասկացության ընկալումները հասարակության պատկերացումներում:
Բնականաբար կառաջանա հարց՝ իսկ ոչ բարեվարք հոգեւորականները չե՞ն վնասում: Վնասում են, բայց չեն քանդում, առավել եւս չեն ապամոնտաժում հոգեւոր համակարգի հանրային ընկալումները ընդհանրապես:
Որովհետեւ, իրապես ՀԱԵ հետեւորդները որեւէ Կաթողիկոսի համար չէ, որ հետեւել կամ հետեւում են Հայ Առաքելական եկեղեցուն:
Փաշինյանը փորձում է նույնացնել, ամփոփել եկեղեցին ու Կաթողիկոսը, բերել այն քաղաքական չափումների դաշտ, ըստ էության վերածել եկեղեցին կուսակցության, այդպիսով ստիպելով նաեւ, որ եկեղեցին անցնի «կուսակցական պաշպանության»:
Ցավոք սրտի, այս ընթացքում նկատելի է, որ կա այդ հաշվարկների արդարանալու մեծ ռիսկ: Եկեղեցու «պաշտպանական շրջանակը»՝ անգամ ամենայն անկեղծությամբ, այդուհանդերձ պաշտպանությունը կազմակերպում է հենց կուսակցական-քաղաքական տրամաբանությամբ:
Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, կրկնեմ, որ ըստ իս, Փաշինյանի նետած մարտահրավերը եկեղեցին պետք է դիտարկի որպես հնարավորություն: Այո, շատ բարդ ու լուրջ մարտահրավեր, բայց հենց դրանով նաեւ որպես հնարավորություն՝ հետ բերել այն բաց թողնված ժամանակը, որ անհրաժեշտ էր օգտագործել նոր ժամանակների գլոբալ մարտահրավերներին պատրաստվելու եւ նոր ժամանակների անխուսափելի միջավայրում կենսունակ մարտավարություն ու ռազմավարություն ունենալու համար:
Առայժմ կա «ստանդարտ», այսինքն՝ Փաշինյանի համար էլ միանգամայն կանխատեսելի պաշտպանություն:
Պետք է արձանագրել, որ հարցը ամենեւին Գարեգին Երկրորդին կաթողիկոսական գահին պահելը չէ: Այդ խնդիրը այսօր ավելի խոքային մարտահրավերի առերեույթ դրսեւորումներից մեկն է միայն: Ըստ այդմ, երբ լուծման ուղղությամբ ամբողջ միտքը կենտրոնանում է Կաթողիկոսին պահել-չպահելու վրա, այդտեղ «կորում» է առավել ընդգրկունը, լայնը, խորը՝ եկեղեցին:
Մինչդեռ, ավելի խորը խնդրում, խնդրի արմատում լուծումներ փնտրելով է, որ հնարավոր է ապահովել արդյունավետ պաշտպանություն արդեն մնացյալ, այդ թվում Կաթողիկոսի գահակալության հարցում:
Հասկանում եմ, «նորաձեւ», առավել եւս այսօրվա համար «ստանդրտին համապատասխանող» մտքեր չեն:
Միայն թե, տնտեսական, քաղաքական, մշակութային եւ հոգեւորական վերնախավերում՝ գրեթե քառորդ դար «նորաձեւությանը» տուրք տալն է եղել Հայաստանի անարդյունավետ ընթացքի պատճառը:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։