Search
Close this search box.

Շիրակի մարզպետարանի պաշտոնյան 5 հազար դոլարի կաշառք է վերցրել՝ պաշտոնի նշանակման համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի դիմաց նպաստել է Շիրակի մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի՝ համապատասխան պաշտոններին առաջադրմանն ու նշանակմանը, տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, տեղեկանալով Ն. Խ.-ի՝ վերը նշված դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնին առաջադրվելու ցանկության մասին, նրանից պահանջել և ստացել է 4000 ԱՄՆ դոլար կաշառք, որի դիմաց, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նպաստել է Ն. Խ.-ի՝ հիշյալ պաշտոնին նշանակվելուն:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Հ. Կ.-ն, նույն դպրոցի ուսուցչուհի Ա. Մ.-ին տնօրենի պարտականությունները կատարողի պաշտոնին առաջադրվելուն և նշված պաշտոնին նշանակվելուն նպաստելու համար Ն. Խ.-ի միջոցով Ա. Մ.-ից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար կաշառք, որից ստացել է 1.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած՝ 500 ԱՄՆ դոլարը վերջինս խոստացել է փոխանցել իր նշանակումից հետո:

Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձին՝ Հ. Կ.-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), Ն. Վ.-ին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով և 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա. Մ.-ին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով:

Հ. Կ.-ի նկատմամբ որպես խափանաման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: