Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը մտահոգիչ է, նրա շաքարի պարունակությունը անկանոն իջնում-բարձրանում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Լուրջ հիվանդություններ ունի պարոն Ղուկասյանը, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։ Պետությունն իր պարտականությունները չի կատարում, հետևողականորեն և համակարգված մերժում է նրան բժշկական օգնություն տրամադրելու իրավունքը։ Նրան չեն տեղափոխում հիվանդանոց։ Նա տառապում է 2-րդ տիպի դիաբետով, որն ունի լաբիլ ընթացք։ Հենց իմ պահանջով օրեր առաջ բուժքույրը չափեց նրա շաքարի պարունակությունն արյան մեջ, հասել էր 20-ի, բայց երեկ էլ իջել էր մինչև 3։ Այս պարագայում մարդը կարող է կոմայի մեջ ընկնել։ Ինքն է իր վիճակը կարգավորում համապատասխան դեղորայքով, այնինչ դա պետք է լինի էնդոկրինոլոգի վերահսկողությամբ»,- նշեց Փոստանջյանը։
Փաստաբանը նաև շեշտեց, որ Վարդան Ղուկասյանի մոտ ախտորոշված է նաև աորտայի անևրիզմա, ինչը շատ վտանգավոր է։ Ընդգծեց՝ դրա պատռվածքի դեպքում, հավանականությունը, որ հնարավոր կլինի մարդու կյանք փրկել՝ քիչ է։ Փոստանջյանը նաև վստահեցրեց՝ հենց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից են ասել, որ պարտադիր է հիվանդանոցային բուժումը։ Վարդան Ղուկասյանին նաև սրտամկանի հետ կապված կոնտրաստային ԿՏ է անհրաժեշտ, որպեսզի պարզվեն չափերը՝ որքան է մեծացած և ինչ բուժում է պետք դրա համար։
«Այդ խորհրդատվությունը մինչ այս պահը չի իրականացվել, այնինչ, նոյեմբերի 7-ին է տրվել այդ ախտորոշումը։ Այս փաստաթղթերը և՛ դատարանին է ներկայացված, և՛ առողջապահության նախարարությանը, և քրեակատարողական հիմնարկին։ ՔԿՀ-ում պայմաններն այնպիսին են, որ մեկ հիվանդությունն էլ կարող է մահվան հանգեցնել»,- ասաց Փոստանջյանը։
Նա ընդգծեց՝ խուցը, որտեղ պահվում է Ղուկասյանը, 15 քմ է, ունի 2 պատուհան, 1 սանհանգույց, որը խցից առանձնանում է վարագույրով։ Այդ խցում 4 մարդ կա, որոնցից 2-ը ծխող են, ինչն, ըստ փաստաբանի, վնաս է Ղուկասյանի առողջությանը։




