«Վերջերս չեմ հետևում ադրբեջանահպատակ փոքրիկ խմբակի գործունեությանը և կարծում եմ՝ բեմադրված դատախազական միջնորդությունները շոուներ են՝ ուղղված հայրենիքի, մեր պետականության հիմքում կանգնած մարդկանց դեմ։ Չեմ ցանկանում մեկնաբանել՝ ինչ են քննարկել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր ԱԺ-ում գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ կապված Սևանում կառուցված առանձնատան հետ։
«Իրենք ապացուցե՞լ են, որ դա Սեյրան Օհանյանինն է, հիմա էլ ապօրինի կառուցված են համարո՞ւմ։ Դե, արցախցիներն էլ էին «ապօրինի ապրում» իրենց հողի վրա․․․ Սեյրան Օհանյանը իրավունք չուներ ո՛չ զգեստ, ո՛չ կոշիկ ունենալո՞ւ, անգամ հիվանդ լինելու իրավունք չունի՞»,- ասաց Խաչատրյանը։