Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իջևան համայնքի Սևքար գյուղից հայտնում են, որ գյուղում գործում են անտառահատման բրիգադներ, ովքեր ամեն օր անտառ, ինչպես մշտական աշխատանքի վայր, են գնում։ Այդ բրիգադներում աշխատելու համար տեղացի բանվորներին օրական վճարում են 15 հազար դրամ, եթե նրանք փայտով բարձում ե ն <<ԳԱԶ-66>> բեռնատար, 20 հազար դրամ, եթե բարձում են <<ԿԱՄԱԶ>> կամ <ԶԻԼ-131>> բեռնատար։ Այդ բիգադները ամիսներով աշխատում են, անխնա հատելով անտառը։ Անտառի հատումը կատարվում է իշխանության հետ կապվածների հովանու ներքո։ 2023թվականին հայտնել եմ, որ Սևքարի անտառատնտեսության փոխտնօրեն Անահիտ Բաղդասարյանին,ով պայքարում էր ապօրինի հատումների դեմ, փայտի գործով զբաղվող Սևքարի բնակիչն անտառտնտեսության շենքի մոտ ծեծի է ենթարկել։ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով՝ իբր պայքարում էր անտառհատումների դեմ, սակայն իրականում այդ պայքարը ուներ անտառահատումներով զբաղվողներին այդ գործից հանելու, այդ խիստ շահութաբեր բիզնեսը յուրայիններին հանձնելու նպատակ։ Ներկայացնեմ փաստերով։ 5 տարի առաջ՝ 2019թ․ հուլիսին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ 2019 թվականի հուլիսի 17-ին մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով Իջևան քաղաքում փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել ոստիկանության մի շարք աշխատակիցների։ Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին: : 2020թ․ հոկտեմբերի 28-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է վերոհիշյալ դեպքերի մասնակից, Իջևան համայնքի 20 բնակչի դատավարությունը։ Նրանց հոդվածը փոխվել, մեղմացվել է, նրանք բոլորը դատվում են քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»)։ Գրեթե 4 տարի, ձգձգելով, անշտապ շարունակվում է այդ դատը, վերջին նիստն այս տարվա մայիսի 14-ին է եղել։