«Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը հարցաքննության չի կանչվել, նրա տունը չի խուզարկվե։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Խաչատրյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած վարույթին և նոյեմբերի 17-ից սկսած քննչական գործողություններին։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ, նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված, այլընտրանքային խափանման միջոցներ։
Սևակ Խաչատրյանը նշեց՝ 5-ից մի քանիսին չի էլ ճանաչում, թերևս ընտրողներ են։
«Մեր թիմի ավագանու ցուցակից Արմեն Դավթյանի, Կարեն Գևորգյանի, Տիգրան Գևորգյանի և ևս մի քանի հոգու տներ են խուզարկել։ Մյուսներին չեմ ճանաչում, միգուցե մեր համակիրներն են, իրենց ձայնը տվել են «Հաղթանակ» դաշինքին։ Քրեական գործերը հարուցված են, հարցաքննություն եղել է, ստորագրությամբ բաց են թողել»,- ասաց Խաչատրյանը։




