Search
Close this search box.

Սամիրա Բայրամովան չի դիմել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահներին․ ՀՀ ԱԱԾ

Ադրբեջանական արմատներով վրաստանցի ակտիվիստ Սամիրա Բայրամովան Վարշավա-Թբիլիսի չվերթի ժամանակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հարկադիր վայրէջքից հետո հայ սահմանապահներին չի դիմել։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

Ավելի վաղ Բայրամովան սոցցանցերում գրել էր, որ լինելով Վրաստանի քաղաքացի, իրեն թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան, քանի որ իր ազգությունը խնդիր է։

ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 24-ին Վարշավա-Թբիլիսի թիվ 723 չվերթի ինքնաթիռը, անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով, վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Նշված չվերթի ինքնաթիռի թվով 122 ուղևորից 110-ը ցանկություն է հայտնել մուտք գործել ՀՀ, որոնց սահմանահատման գործընթացը սահմանապահ զորեքերն իրականացվել են համապատասխան կարգով։

«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողներին Սամիրա Բայրամովա տվյալներով քաղաքացի որևէ հարցով չի դիմել կամ սահմանային վերահսկողության խցիկներին չի մոտեցել»,- ասված է հարցման պատասխանում։

Հավելենք, որ Բայրամովան իր գրառման մեջ հռետորական հարցադրում էր կատարել, թե ինչո՞ւ իրենք պետք է հակամարտության մաս լինեն` «թեգելով» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մատնանշելով հակասությունը ժողովրդավարական սկզբունքներին: