Սամարայի «Կուրումոչ» միջազգային օդանավակայանը, որպես այլընտրանքային օդանավակայան, մարտի 11-ի առավոտյան չվերթ է ընդունել Երեւանից, որը պետք է մեկներ Մոսկվա։ Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով օդանավակայանի տեղեկատվությանը։
«Մարտի 11-ին Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշքեկից, Կարշիից, Թերմեզից, Բուխարայից, Երեւանից, Տյումենից եւ Կեմերովոյից Սամարայի այլընտրանքային օդանավակայան են ժամանել դեպի Մոսկվա 10 չվերթներ։ Ավիաընկերության ներկայացուցիչներն աշխատում են ուղեւորների հետ»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։ Մարտի 11-ի առավոտյան Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայանները, անվտանգության նկատառումներից ելնելով ,դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու բացթողումը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Կազանի օդանավակայանը 8 չվերթ է ընդունել դեպի Մոսկվա՝ Երեւանից, Բաքվից, Օշից, Կուլյաբից, Նովոկուզնեցկից եւ Օմսկից։
Հիշեցնենք, որ մարտի 11-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի։