Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով գիշերը Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանական զինուժի անկանոն կրակահերթերին:
«Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով», – ասաց նա։
Հիշեցնենք՝ լրագրող Ոսկան Սարգսյանն այսօր գրել էր, որ մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչներն ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։
«Մայիսի 13-ի առավոտյան, ժամը 7-անց 20-ից մինչև 7-անց 40 րոպե նորից նույն հատվածում կրակոցներ են եղել: Դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։ Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է, որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը», — նշել էր նա։