ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամներից պահանջել է ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին՝ չենթարկվելու դեպքում սպառնալով հատուցում։
«Ազատ արձակեք բոլոր պատանդներին հի՛մա, և ոչ հետո, անմիջապես վերադարձրեք բոլոր ձեր կողմից սպանվածների մարմինները, այլապես ձեր վերջը կգա», — գրել է Թրամփը՝ The Truth Social սոցիալական ցանցում։
Նա զգուշացրել է, որ «Համասի ոչ մի անդամ ապահով չի լինի», քանի դեռ պաղեստինյան շարժումը չի կատարել իր պայմանները։
«Սա վերջին նախազգուշացումն է, հիմա է ժամանակը, որ ղեկավարությունը հեռանա Գազայից, քանի դեռ այդ հնարավորությունը կա»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև Գազայի բնակիչներին խոստանացել է պայծառ ապագա, եթե նրանք վերադարձնեն պատանդներին։
Թրամփն այս վերջնագիրը ներկայացրել է իսրայելցի վեց պատանդների հետ հանդիպումից հետո, որոնք ազատ են արձակվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում։
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Քասեմը CNN-ին հայտնել է, որ Թրամփի գրառումը «կբարդացնի հրադադարի համաձայնագրի հետ կապված խնդիրները» և Իսրայելի կառավարությանը կխրախուսի չկատարել այն։