Search
Close this search box.

Սա վերաբերում է ՀՀ Սահմանադրության հետ կապված հարցերին․ Բաքվից հայտարարություններ են արել

Please enter a valid URL

Հայաստանը գրեթե երեք տասնամյակ ռազմական օկուպացիայի տակ է պահել Ադրբեջանի տարածքները և այդ հողերում վանդալիզմի գործողություններ է իրականացրել, սակայն միջազգային հանրությունը պատրաստում և իրականացնում է այսպես կոչված «Մարշալի պլաններն» այդ երկրի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Հենց Ադրբեջանն է բախվել Հայաստանի կողմից ռազմական ագրեսիային։ Ռազմական գործողություններն իրականացվել են Ադրբեջանի տարածքում, այլ ոչ թե հակառակը։ Հայաստանի տարածքում ընդհանրապես որևէ մարտական գործողություն և ավերածություններ չեն եղել», — ասել է նա։

Նրա խոսքվ՝ երրորդ երկրները, մասնավորապես Ֆրանսիան, Հայաստանի ռազմականացման ճանապարհով շարունակում են Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության օջախներ բորբոքելու փորձերը:

Ադրբեջանի նախագահի օգնականը հավելել է, որ Ադրբեջանն իր հերթին շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության օրակարգին:

«Որպեսզի տարածաշրջանում լիովին տիրի վստահության մթնոլորտը, պետք է գործի դրվի Հայաստանի ռազմականացման հարցում վերիֆիկացման որոշակի մեխանիզմ: Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Այն պետությունները, որոնք զինում են Հայաստանին, մի երկիր, որը տասնամյակներ շարունակ օկուպացիայի տակ է պահել օտար տարածքները, պետք է հասկանան, որ պատասխանատվություն են կրում հնարավոր հետևանքների համար», — ասաց նա։

Հաջիևի խոսքով՝ հայկական կողմն ինքը պետք է որոշի, թե ինչ մակարդակով կներկայացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին (COP29):

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հրավեր է ուղարկել կլիմայի փոփոխության կոնվենցիայի բոլոր անդամներին՝ մասնակցելու COP29- ին:

«Դա Ադրբեջանի պարտավորությունն է՝ որպես տվյալ միջոցառումն ընդունող երկրի։ Հրավերներ են ուղարկվել բոլոր մասնակից երկրներին։ Բնականաբար, որոշում պետք է կայացնեն բոլոր մասնակից պետությունները, այդ թվում նաև Հայաստանը»,-ասել է Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ «Հայաստանը պետք է սահմանադրորեն ամրագրի Ղարաբաղին միանալու իր ուտոպիական նկրտումներից հրաժարվելը»։

Հաջիևը նշել է, որ դրանից հետո բանակցային գործընթացը կարող է ավելի արագ առաջ ընթանալ:

«Խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ վերջին առաջարկները Հայաստանը վերջերս ուղարկել է ադրբեջանական կողմին՝ դրանք ստանալուց ավելի քան 70 օր անց։ Դա շատ երկար ժամկետ է։ Եթե Հայաստանը լուրջ է վերաբերվում խաղաղության պայմանագրի առաջմղմանը և շահագրգռված է այդ հարցում, ապա 70 օրվա ընթացքում պատասխան ուղարկելն ինքնին հարցեր է առաջացնում»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի հոդվածների մեծ մասի վերաբերյալ կողմերը որոշակի պայմանավորվածություններ ունեն, սակայն դեռևս զգալի աշխատանք կա անելու:

«Սա առաջին հերթին վերաբերում է Հայաստանի Սահմանադրության հետ կապված հարցերին։ Դրանում պետք է դադարեցվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալը մեզ մտահոգող հարց է։ Խաղաղության պայմանագրերը սովորաբար ստորագրվում են ոչ միայն որևէ կառավարության, այլև ժողովրդի հետ: Մեր ակնկալիքներն այն են, որ խաղաղ համաձայնության հասնելու համար Հայաստանի Սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխությունները կիրականացվեն հանրաքվեի միջոցով»,- նշել են ադրբեջանական կողմից: