Ազգային ժողովում քննարկվել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որի շուրջ ծավալված է թեժ բանավեճ։ Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը խիստ քննադատությամբ է արձագանքել օրենսդրական նախաձեռնության հրատապ քննարկմանը՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է ռազմավարական նշանակության հարցի՝ մասնավորապես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության հետ կապված գործընթացին։
Նրա խոսքով՝ նախագիծը կարող է լուրջ վնաս հասցնել ներդրումային մթնոլորտին, իսկ այն, որ հարցը բերել են 24-ժամյա ընթացակարգով, միայն խորացնում է մտահոգությունները։ «Սա ՀԷՑ-ը խլելու նախագիծ է։ Տվեք հստակ պատասխան՝ ինչո՞ւ է հրատապ այս օրինագիծը։ Հենց էսօ՞ր միայն տեսաք ՀԷՑ-ում խնդիրները»,- ընդգծել է Գրիգորյանը։
Ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը պարզաբանել է, որ նախագիծը չի վերաբերում ՀԷՑ-ին որպես սեփականության օբյեկտ։ Նրա խոսքով՝ «խլել» և «ՀԷՑ» արտահայտությունները առհասարակ չեն հանդիպում նախագծում։ Փոխնախարարը շեշտել է, որ օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի լուծել էներգետիկ ենթակառուցվածքներում առկա իրավական բացերը և ապահովել ոլորտի բարեփոխումների շարունակականությունը։