Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել իր հատուկ ներկայացուցչին ուղարկել Հայաստան և Ադրբեջան

Ողջունում ենք խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատումը։ Դրա մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Աջակցում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլին, ինչպես նախատեսված է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերով։

Նպատակաուղղված ենք բազմակողմանի աջակցություն ցուցաբերել խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացման և Բաքվի և Երևանի միջև մնացած խնդիրները լուծելու, ներառյալ՝ խաղաղ համաձայնագրի ստորագրման համար, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ընդհանուր սահմանի սահմանազատման և հումանիտար հարցերի առնչությամբ՝ գործընկերների համար ընդունելի եղանակով և ձևով։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Ի.Ա.Խովաևը պատրաստ է այցելել Բաքու և Երևան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար։

Հաստատում ենք մեր առաջարկը՝ ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ամբողջ շրջանակի, ինչպես նաև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար»,-ասված է հայտարարության մեջ։