Search
Close this search box.

«Ռուսաստանը հավատարիմ է ՀՀ անվտանգությունը ապահովելու իր պարտավորություններին»․ Կոպիրկին

Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան: Նման կարծիք է հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «Известия»-ին տված հարցազրույցում։
«Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտավորություններին ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ գծով»,-ասել է դեսպանը՝ հավելելով, որ

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը գործուն կերպով կմիանա Եվրասիայում անվտանգության հավասար և անբաժանելի համակարգի մշակման համատեղ ջանքերին, որի գաղափարն առաջ է քաշվել նախագահ Պուտինի կողմից։

Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ Կոպիրկինը նշել է, որ դա հեշտ գործընթաց չէ և ժամանակ է պահանջում․ «Որպես կանոն, ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը տքնաջան և շատ պատասխանատու գործընթաց է։ Իհարկե, Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ տիրի կայուն խաղաղություն։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա։ Ռուսաստանը միշտ պատրաստ է մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի ոգուն և տառին։ Նման օգնության ձևերն ու ծավալները պետք է ընտրեն հենց բանակցող կողմերը»,- ասել է դեսպանը։