Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ հարաբերությունների սրմանը ի պատասխան՝ Ռուսաստանի իշխանությունները քննարկում են Ադրբեջանից ալկոհոլային խմիչքների ներմուծման արգելքի հարցը, հաղորդում է ռուսական հատուկ ծառայություններին մոտ գտնվող «Кремлевская табакерка» Telegram ալիքը։
Ըստ տեղեկությունների՝ արգելքը կարող է տարածվել նախկինում Ադրբեջանից ներմուծված բոլոր տեսակի գինիների և կոնյակների վրա։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ռուսաստանյան անվտանգության ուժերի կողմից ադրբեջանցիների տներում կատարված խուզարկությունների ժամանակ երկու մարդ սպանվել է, մի քանիսը՝ վիրավորվել, կան նաև ձերբակալվածներ, որոնց խափանման միջոցն արդեն ընտրվել է կալանքը:
Երեկ առավոտյան էլ Բաքվում «Սպուտնիկ Ադրբեջան» խմբագրությունում խուզարկություն է իրականացվել, որից հետո ձերբակալվել են հրատարակության գլխավոր խմբագիր Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը. նրանք կասկածվում են Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (ԱԴԾ) համար աշխատելու մեջ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Ruptly վիդեոգործակալության լրագրող, Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացի Այտեկին Հուսեյնովան։
Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, խմբագրության հետ համաձայնությամբ նա «գնացել է այն վայրը, որտեղ ձերբակալվել են Sputnik-ի խմբագրության իր գործընկերները» և բջջային հեռախոսով նկարահանել է գործընթացը։