ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Հայաստանը դուրս կգա ԵՏՄ-ից և այլ կառույցներից, եթե ռուսական գազի գները բարձրանան, կոռեկտ չէ: Դրա մասին ապրիլի 6-ին հայտարարել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը, գրում է «Парламентская газета»-ն:
«Հարցի նման ձևակերպումն ինքնին կոռեկտ չէ: Ի վերջո, ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինը հստակ նկարագրեց ստեղծված իրավիճակը. «էներգակիրների գները, գազի գները Եվրոպայում կտրուկ աճում են՝ հասնելով 600 դոլարից ավելիի 1000 խորանարդ մետրի համար, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանին 1000 խորանարդ մետրի համար գազ է վաճառում 177,50 դոլարով»,- նշել է Կոսաչովը:
Ըստ նրա՝ ռուսական գազի ներկայիս գինը հզոր խթան է ՀՀ տնտեսության զարգացման համար և կարևոր գործոն է երկրի սոցիալական և քաղաքական կայունության առումով: Եվ դա, ինչպես նշել է Կոսաչովը, տեղի է ունենում Եվրոպայում և ամբողջ աշխարհում էներգետիկ ծանր ճգնաժամին զուգահեռ։
«Արդար և ազնիվ կլինի, որ հայ քաղաքական գործիչները հաշվի առնեն Հայաստանին Ռուսաստանի ցուցաբերած աջակցության այդ մասշտաբը, այլ ոչ թե շահարկեն գնային քաղաքականության հիպոթետիկ փոփոխությունները»,- եզրափակել է սենատորը։





