Ռուսաստանի հայերի միությունն անթույլատրելի է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւորականների հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարություններն այն օրերին, երբ աշխարհի քրիստոնյաները նշում էին Տիրոջ Հարության տոնը։ Այս մասին նշվել է ՌՀԱ հայտարարությունում։
«Երկրի վարչապետը, որի Հիմնական օրենքն ամրագրում է եկեղեցու եւ պետության տարանջատման սկզբունքը, առաջին անգամ չէ, որ ոտնձգություն է կատարում սահմանադրական հիմքերի վրա՝ այս անգամ հայտարարելով, որ «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության հարցում»։
Այն, ինչ տեղի է ունենում, ավելի շատ նման է հասարակությանն իրական մարտահրավերներից, էկզիստենցիալ սպառնալիքներից ու խնդիրներից շեղելուն ուղղված մանեւրի, որի լուծումը պետք է լինի ՀՀ կառավարության մտահոգությունը։
Աստվածաշունչն ասում է. «Ինչ որ կայսրինն է՝ կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Հիշեցնելով սա՝ նշում ենք, որ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի նկատմամբ հրապարակայնորեն եւ անամոթաբար օգտագործվող անպարկեշտ բառապաշարը արժեզրկում է առաջին հերթին հենց երկրի վարչապետի ինստիտուտը, որը, մոռանալով իր նշանակության մասին, գլխավորում է հայ ինքնության եւ պետականության դեմ ամոթալի խաչակրաց արշավանքը»,- նշվել է կազմակերպության հայտարարությունում։