Մոսկվայի համար տարօրինակ է լսել հյուսիսից Հայաստանին ինչ-որ առասպելական սպառնալիքների մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններ այն մասին, որ հյուսիսից ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ, ՀԱՊԿ-ի կողմից էկզիստենցիալ սպառնալիքի մասին, նույն շարքում կնշեմ մեր ընդհանուր պատմությունը կասկածի տակ դնելու փորձերը»,- ասել Է Լավրովը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ:
«Ձեզ մոտ սկսվում է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման քարոզարշավը։ Կարող եմ ձեզ վստահեցնել, որ երբ դրսից ազդանշաններ են հնչում, որ ինչ-որ մեկը պատրաստվում է միջամտել, ակնհայտ ակնարկով Ռուսաստանի Դաշնությանը և երբ Երևանից ԵՄ-ին ուղղված կոչեր են հասցեագրվում՝ «օգնեք մեզ թույլ չտալ նման միջամտություն», մեզ համար տարօրինակ է»,-հավելել Է նախարարը։




