Թեպետ ռուսական որոշ հեռուստաալիքներ «կարմիր գծերը» հատել են, սակայն պաշտոնական Երևանը չէր ցանկանա ստիպված լինել Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի վերջո ի՞նչ է լինելու ռուսական հեռուստաալիքների հետ, որոնք փակելու վերաբերյալ պարբերաբար հայտարարություններ են հնչում ՀՀ իշխանությունների կողմից։
Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ ունենալ նորմալ, բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։
«Ես չէի ուզենա, որ մենք ստիպված լինեինք այդ որոշումը կայացնել, որովհետև մենք չենք փնտրում հակադրություն, որևէ կոնֆլիկտային իրավիճակ ՌԴ-ի հետ։ Ես շատ հարգալից և բաց, թափանցիկ, ազնիվ, անկեղծ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գործոնից բացի, մարդկայնորեն էլ անհարմար կզգար, եթե Հայաստանը ստիպված լիներ նման որոշում կայացնել:
Ռուսաստանում կան ուժեր, որոնք ուզում են Երևանին ստիպել գնալ նման որոշումների։ Եթե շատ ստիպեն, ինչ անենք, պետք է ուզած-չուզած` գնանք»,- եզրափակել է Փաշինյանը։