Մեղրիի երկաթուղու մասով թյուրըմբռնում կա, դա ՌԴ-ինը չի, որ հանձնեն Հայաստանին, դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է, և այն մենք որևէ մեկին չենք արտապատվիրակել, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այնտեղ երկաթուղի չկա, որ այդպիսի հարց էլ բարձրացվի։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այն հայտարարությանը, թե պատրաստ են միանալ Թրամփի ուղի նախագծի իրականացմանը, Փաշինյանը նշեց, որ այն ՀՀ-ԱՄՆ երկկողմ նախագիծ է և երրորդ երկրի ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով. «Դա հստակ ձևակերպված է և այս շրջանակից դուրս մեկնաբանություն տալը կոռեկտ չեմ համարի։
Բայց նաև ասեմ, որ ՌԴ մեր գործընկերներին խնդրել եմ շտապ կարգով զբաղվել Երասխ-Նախիջևան և Ախուրյանի հատվածից մինչև Թուրքիայի սահման երկաթուղու ամբողջական վերականգնմամբ։ Առաջիկայում նույն հարցը կբարձրացնեմ Իջևան-Ղազախի հետ կապված, քանի որ այդ հատվածը հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա։ Հույս ունեմ՝ մեր ռուս գործընկերները մքասիմալ արագությամբ այդ խնդրանքն իրականություն կդարձնեն»։




