Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դեռ թույլ են տալիս շաբաթը մեկ, երբեմն` երկու անգամ 10 րոպեով զանգահարել ընտանիքի անդամներին։ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում այս մասին ասել է Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը` պատմելով մանրամասներ, որոնք նրան հայտնի են Բաքվում ընթացող «դատավարության» և ամուսնու մասին։
«Ո՛չ ես, ո՛չ էլ մեր ընտանիքի մյուս անդամներն իրական տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի վերաբերյալ. այդ մասին կարող ենք դատել միայն նրա ձայնով։ Այս ողջ ընթացքում, բացառությամբ միայն մի քանի շաբաթների, Ռուբենը պահվել է մենախցում։ Նա գրեթե ամբողջությամբ մեկուսացված է, ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի։ Արտաքին աշխարհի հետ նրա միակ կապը նրա ընկերների և այն մարդկանց նամակներն են, ովքեր ցանկանում են նրան զորակցել»,– նշել է Զոնաբենդը։
Նրա խոսքով` Ադրբեջանից ԿԽՄԿ–ի հեռանալուց հետո իրենք զրկվել են Վարդանյանի համար կարճ տեսաուղերձներ ձայնագրելու հնարավորությունից։
Ի դեպ, առաջիկա օրերին Վարդանյանի ընտանիքը պատրաստվում է դիմել ԿԽՄԿ ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանում տրամադրել նրա կարգավիճակի վերաբերյալ այն ժամանակահատվածի համար, երբ կազմակերպության ներկայացուցիչներն այցելում էին նրան Ադրբեջանի բանտում:
«Սա սկզբունքային նշանակություն ունի Ռուբենի բոլոր իրավունքները հասկանալու և հետագա քայլերի ձեռնարկման տեսանկյունից՝ նրա իրավունքներն ու շահերը նաև միջազգային ատյաններում պաշտպանելու համար»,– «Մեդիամաքսին» ասել է Վարդանյանի կինը:
Անդրադառնալով Բաքվի դատարանում տեղի ունեցող գործընթացին` Զոնաբենդը նշել է, որ մեկ տարվա լսումների ընթացքում դատարանը չի բավարարել Վարդանյանի և նրա փաստաբանի ոչ մի միջնորդություն ու հարցում։
Ըստ նրա` թեև դատական նիստերը դռնբաց են համարվում, բայց դրանց թույլ են տալիս մասնակցել միայն ցուցակներով, իսկ դատարանի դահլիճը շրջափակված է ոստիկաններով։
«Այսպես կոչված տուժողները և նրանց հարազատներն ասում են, որ Վարդանյանի հետ չեն հանդիպել, անձամբ չեն ճանաչում նրան, նրա մասին գիտեն միայն լրատվամիջոցներից, բայց համարում են, որ նրա նկատմամբ պետք է կիրառվեն ամենախիստ միջոցները։ Ընդ որում, վկաներից և ոչ մեկը, որոնց նա խնդրել է հրավիրել, չի կանչվել դատարան՝ ցուցմունք տալու»,– տեղեկացրել է Զոնաբենդը` վստահեցնելով, որ չնայած ծանր իրավիճակին` Վարդանյանն անկոտրում է` շատ է կարդում, զբաղվում է յոգայով։
Խոսելով իրենց սոցիալական և բարեգործական ծրագրերից` Վարդանյանի կինը նշել է, որ դրանց մի մասը ստիպված են եղել դադարեցնել, մի մասը մասնակի կիրագործվեն, իսկ մյուս մասն ավարտին կհասցնեն։
Իր ծավալուն հարցազրույցը Ռուբեն Վարդանյանի կինը եզրափակել է ամուսնու` Ամեդեո Մոդիլիանիի սիրելի ասույթով. «Կյանքի իմաստը նվիրաբերելն է։ Քչերից՝ շատերին։ Նրանցից, ովքեր գիտեն և ունեն՝ նրանց, ովքեր չգիտեն և չունեն»։




