«Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքները խախտել են, ազատությունից՝ զրկել։ Բայց նրա ոգին բանտարկել չեն կարող։ Նրա ձայնը շարունակում է ապրել բոլոր նրանց մեջ, ովքեր կիսում են նրա խիզախությունն ու համոզմունքները»,- այս մասին ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «IMAGINE կազմակերպության համահիմնադիր, ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» նախկին փոխնախագահ Փոլ Փոլմանը՝ խոսելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի մասին:
Ստորև ներկայացվում է Փոլ Փոլմանի խոսքի թարգմանությունը (տեսանյութը հասանելի է այստեղ).
«Այսօր մենք խոսում ենք մի մարդու մասին, որի բացակայությունը զգացվում է այս սրահի յուրաքանչյուր անկյունում, բայց որի ներկայությունը միաժամանակ զգում ենք պատերից ու սահմաններից անդին։ Մենք խոսում ենք մեր ընկեր Ռուբեն Վարդանյանի մասին։ Բոլորս գիտենք, որ Ռուբենն անարդարացիորեն և անօրինական կերպով կալանավորված է Ադրբեջանում։
Արժեքները, որոնք նա դավանում է, այսօր, հենց այստեղ, խոսում են մեզնից յուրաքանչյուրի միջոցով։ Ռուբենին ճանաչելով՝ ճանաչում ենք բարոյական բացառիկ մի պարզություն, ճանաչում ենք մի մարդու, որը կառուցել է այնտեղ, որտեղ ուրիշները կասկածել են, որը տեսել է հնարավորություններ այնտեղ, որտեղ ուրիշները տեսել են ռիսկեր։ Նա ստեղծել է հնարավորություններ այնտեղ, որտեղ դրանք պետք է որ չլինեին, հիմնել է դպրոցներ մյուսների համար անհեռանկարային վայրերում, և կառուցել վստահության կամուրջներ բաժանարար գծերի վրա, որոնք շատերը համարում էին անհաղթահարելի։ Նա տեսնում էր մարդկանց ու վայրեր, որոնց աշխարհն անտեսել էր: «Ավրորան» ծնվել է այդ նույն տեսլականից, ըստ որի երախտագիտությունը ոչ թե զգացմունք է, այլ պատասխանատվություն, որ կարեկցանքը ոչինչ չի նշանակում, եթե այն մեզ չի մղում գործողությունների։ «Ավրորա» մրցանակի միջոցով Ռուբենն օգնել է պատվել նրանց, ովքեր ամեն ինչ վտանգել են հանուն ուրիշների արժանապատիվ կյանքի։
Մեր ժամանակների մեծագույն անարդարություններից է, որ մարդկային ազատության համար այսպիսի հարթակ կառուցած մարդուն զրկել են ազատությունից։ Սա հիշեցում է այն մասին, թե որքան փխրուն կարող է լինել արդարությունը, և որքան կարևոր է բարձրաձայնել անարդարության մասին։ Ռուբենի բանտարկությունը զուտ անձնական անարդարություն չէ։
Սա վիրավորանք է այն արժեքների նկատմամբ, որոնց հարգանքի տուրք ենք մատուցում այսօր այստեղ։ Արդարություն, խիզախություն, մարդկայնություն և հույս։ Նա մեզ հիշեցնում է, որ նպատակն ավելի ուժեղ է, քան պատիժը, և որ բարոյական խիզախությունը հաճախ ունենում է ծանր գին։
Ահա, թե ինչու ենք մենք «Ավրորա» մրցանակով պատվում այդպիսի խիզախություն ցուցաբերողներին, և թե ինչու է դա այդքան կարևոր։ Որովհետև նրանց պատմություններն աշխարհին պատմելով՝ մենք պաշտպանում ենք մեզ միավորող սկզբունքները և վերահաստատում, որ նույնիսկ ամենամռայլ ժամանակներում մարդկայնության լույսն ի զորու է ճառագել։
Պատմությունը մեզ ասում է, որ արդարության աղեղը թեքվում է միայն այն ժամանակ, երբ բավարար թվով մարդիկ պատրաստ են կրել դրա ծանրությունը։ Այսօր երեկոյան դրա ծանրությունը կրողների թվում են նրա կինը՝ Վերոնիկան, և նրա չորս զավակները, որոնք մեր սրտերում և աղոթքներում են: Եկե՛ք պատվենք Ռուբենին ոչ միայն խոսքով, այլև արդարության մեր ընդհանուր պահանջով։ Վերջերս բոլորս ոգևորվել էինք՝ լսելով, թե ինչպես է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը Սպիտակ տանը փաստացի խոստացել վարչապետ Փաշինյանին Բաքվից վերադարձնել քրիստոնյա հայ գերիներին: Կարծում եմ՝ բոլորս պետք է աշխատենք՝ փորձելով այնպես անել, որ այդ խոստումն իրականություն դառնա հնարավորինս արագ։ Եկե՛ք Ռուբենին և Ադրբեջանում դեռ պահվող բոլոր մյուս հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու կոչ անենք:
Եկե՛ք ցույց տանք, որ համերաշխությունը պարզապես կարգախոս չէ, որ այն ընտրություն է, որն արվում է նորից ու նորից ու հատկապես՝ ամենադժվար պահերին։ Ռուբենը մի անգամ ասել է, որ երախտագիտությունը կամուրջ է ցավի և նպատակի միջև: Այսօր երեկոյան ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք կկարողանանք միասին անցնել այդ կամրջով։
Եվ մինչև նա ազատ չարձակվի, մենք չենք հանգստանա»:




